Շաբաթ օրը կայացած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն և մերժվել: Թովմասյանն իր հերթին «շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ» էր այն որակել, Փաշինյանին հորդորել՝ «գոնե մեկ արժանահավատ փաստ» հրապարակել: Փաշինյանն էլ, երկար սպասեցնելուց հետո, այնուամենայնիվ, հրապարակեց այդ փաստը, որը ոչ այլ ինչ էր, քան գրիչ: Գրիչը, ըստ Փաշինյանի, Հրայր Թովմասյանի շողոքորթության և «իրեն ծառայելու» պատրաստակամության առհավատչյան էր:
Իհարկե, փաստը այնքան էր սյուռ էր, որ թե՛ համացանցի օգտատերերը, թե՛ քաղաքական դաշտի տարբեր ճամբարների ներկայացուցիչները անչափ սուր արձագանքեցին: Փաշինյանին օգնության հասան թիմակիցները, գրառումներ կատարեցին այնպիսի քաղաքական դեմքեր, որոնց երբևէ չէինք նկատել սոցցանցային ակտիվության մեջ, բայց ինչպես ասում են՝ իրավիճակը ստիպում էր: Հասկանալով, որ բերված փաստարկը, մեղմ ասած, թույլ է, հատկապես, իրավական տեսանկյունից, Փաշինյանը այս անգամ գործի էր լծել ողջ թիմը: Սոցիալական ցանցում իրենց խոսքը ասացին Ռուբեն Ռուբինյանը, Թագուհի Ղազարյանը, Գարիկ Սարգսյանը և այլ իմքայլականներ: Օգնության հասան նաև սորոսականները, որոնց շաբաթ օրը Փաշինյանը պաշտպանել էր և, որոնք, կարծես թե, պարտքն էին վերադարձնում վարչապետին: Մասնավորապես, Դանիել Իոաննիսյանը իր էջում նշել էր, որ Թովմասյանի՝ վարչապետին շողոքորթելու փաստը իր մոտ կասկած չի առաջացնում:
Ի տարբերություն Փաշինյանի թիմի՝ ընդդիմադիր ճամբարը վարչապետին այս անգամ չխնայեց, բանը հասավ անգամ նրան, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում փաստացի քաղաքական հայտ ներկայացրեց՝ օրակարգում դնելով վարչապետի հրաժարականի պահանջը: Փաշինյանը և իր թիմը որոշեցին ցրել թեման և այս անգամ ևս կիրառեցին՝ նախկինում բազմիցս օգտագործված մեխանիզմը՝ դաշտ գցել ավելի թունդ սկանդալ, որպեսզի հանրությունը քննադատության նոր թիրախ ունենա: Այս անգամ այդ թիրախը Երևանի «Իմ քայլ»-ը խմբակցությունից ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանն էր, ում արարքը Ֆեյսբուք սոցիալական ցանցում միանգամից քննադատվեց՝ իր իսկ թիմակիցների կողմից: Սակայն դա էլ չօգնեց, քանի որ հանրությունը, կարծես, սովորել է այս քաղտեխնոլոգիային: Փաշինյանը պետք է այլ բան մտածի, որովհետև այս պահին իրավիճակը բնավ իր և իր թիմի օգտին չէ: Նշենք նաև, որ սա իմքայլականների և Փաշինյանի առաջին նման կիքսը չէ: Բոլորն էլ հիշում են, թե ինչպես Ֆրանսիայում իր ելույթի ընթացքում վարչապետը մեղադրեց երկրորդ նախագահին սպանություններ կազմակերպելու մեջ, պնդելով, որ դրանք անպատիժ չեն կարող մնալ:
Դրանից հետո Փաշինյանը ստիպված էր դատարանում հայտարարել, որ նկատի չուներ Ռոբերտ Քոչարյանին: Հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանն, արդեն իսկ, դատական հայց է պատրաստել ընդդեմ վարչապետի՝ մեղադրելով վերջինին զրպարտության մեջ, կարելի է ենթադրել, որ շուտով դատարանում Փաշինյանի ներկայացուցիչները կրկին կհայտարարեն, որ վարչապետը ասուլիսի ընթացքում բնավ էլ նկատի չի ունեցել ՍԴ նախագահին…