Արդեն տեղեկացրել էինք, որ արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը մեկ շաբաթ է, ինչ հացադուլ է իրականացնում: Նա պահանջում է, որպեսզի Քարվաճառում դադարեցվեն ՀԷԿ-երի կառուցումը: Այսօր հայտնի դարձավ, որ նրան է միացել նաև Արցախի քաղաքացի Մհեր Պողոսյանը:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Մհեր Պողոսյանը նշեց, որ իր պահանջը նույնն է, ինչ Քանանյանինը:

 

«Ես ամբողջությամբ կիսում եմ Քանանյանի մտահոգությունները, ուստի միացել եմ նրա պայքարին: Հացադուլը կշարունակվի այնքան, մինչև մեր պահանջները կատարվեն: Իրականում, շատ բան՝ այդ թվում և հետագա զարգացումները, կախված են հենց Քանանյանից»,- ասաց նա:

Հարցին, թե նա հարում է որևէ կուսակցության՝ Պողոսյանը պատասխանեց. «Ես որևէ կուսակցության անդամ չեմ և ցանկություն էլ չունեմ լինելու»:

 

Տեղեկություն կար, որ հացադուլ հայտարարած քաղաքացիներին աջակցում է «Սասնա ծռեր» կուսակցությունը:

 

Պարզելու համար, թե որքան է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, զրուցեցինք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ. «Ցանկացած քաղաքական գործընթաց  քաղաքական ենթատեքստ է իր մեջ պարունակում, բայց սա մենք չպետք է քաղաքականացնենք: Այդ մարդիկ իրենք են որոշել պայքարի այս ձևը: Չեմ կարող ասել՝ որքան է արդյունավետ, որքան՝ ոչ: Պետնախարարի մոտ այդ թեմայով այսօր խորհրդակցություն պետք է լինի: Կհնչեն կարծիքներ և կփորձեն հարցին լուծում տալ»,- ասաց նա:

 

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ բնապահպանության հարցում ունենան պետական ռազմավարություն. «Էկոլոգիական հարցերում ամենակարևոր գործոնները քաղաքացիների իրազեկումն ու քարոզչություն է»,- ասաց նա:

 

Բաբայանը նշեց, որ պետք է փորձել օպտիմալ լուծումներ գտնել և անել ամեն ինչ, որպեսզի  էկոլոգիական անվտանգությունը պահպանվի: