Հայկ Սարգսյանը տեսակցել է կալանավորված եղբորը՝ Նարեկ Սարգսյանին։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին' Հայկ Սարգսյանը։
«Ընտիր»,- թե ի՞նչ վիճակում է եղբայրը՝ հարցին ի պատասխան ասաց նա՝ չցանկանալով պատասխանել այլ հարցերի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել է Հայաստան։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել դեռեւս մեկ տարի առաջ։
Անցած տարի դեկտեմբերի 6-ին Նարեկ Սարգսյանը «Ինտերպոլ»-ի աջակցությամբ հայտնաբերվեց Պրահայում ու ձերբակալվեց:
Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։ Ձերբակալվելուց ուղիղ մեկ տարի անց, Չեխիան բավարարել էր Նարեկ Սարգսյանին Հայաստանին հանձնելու միջնորդությունը։ Նախորդ տարվա հունիսի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունում Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: