Այսօր տեղեկություն ստացանք, որ «Նաիրիտ» գործարանի հետ կապված արդեն կան ռեալ քայլեր։ Իրանական Իսլամական հանրապետությունը բավական հետաքրքրված է «Նաիրիտ» գործարանով, մեկ շաբաթ առաջ եղել են գործարանում ու նախատեսված է, որ իրանական ընկերությունը գործարանում է, պետք է իրականացնի տեխնիկական և ֆինանսական աուդիտ։ Այս մասին այսօր՝ հունվարի 31–ին, «Նաիրիտ» գործարանի գործարկման պահանջով՝ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։
Նրա խոսքով՝ Կառավարության դիմաց իրենց հավաքվելու հիմնական պահանջը ոչ միայն «Նաիրիտի» վերագործարկումն է, այլև իրենք մտավախություն ունեն, որ քայլեր են ձեռնարկվում, որոնք կարող են խանգարել իրանական կողմին. «Գործարանում հիմա դեպքեր են կատարվում, որ շատ հավանական է խանգարի այս ներդրումային ծրագրին, իրանական կողմի բանակցություններին։ Այսօր գործարանը պարտք է շուրջ 100 միլիոն դրամ, որից 80 միլիոնը պետական պարտքերն են։ Եթե պետությունը կարող է ներդրումի հետ կապված զիջել իր պարտքը, ժողովրդի աշխատավարձի պարտքը չի կարող, դա պետք է վճարվի։ Դա պետք է վճարի կամ պետությունը կամ ներդրողը»։
Հարցին, թե գործարանի տեխնիկական հագեցվածությունն ինչպիսի՞ն է, Կարեն Իսրայելյանը պատասխանեց․ «Տեխնիկական հագեցվածությունը մեր խմբի շնորհիվ պահպանվել է, 1 տարի առաջ էլ գործարանում անցկացրել ենք տեխնիկական աուդիտ, մոտ 120 մլն դոլարը բավարար է, որպեսզի «Նաիրիտ» գործարանն աշխատի ամբողջությամբ։ Գործարանը տարեկան կարող է տալ 25 հազար տոննա կաուչուկ, իսկ եկամուտը լինում է 20 մլն դոլար, դա հաշվարկված և ֆինանսապես ապացուցված է»։
Դիտարկմանը՝ եթե պետությունը ներդրում չունենա, ներդնողը ռիսկի չի դիմի՞, Իսրայելյանը պատասխանեց․ «Ներդնողը 100 մլն դոլար երբեք չի պատրաստվի դնի այդ գործարանի համար»։
«Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանի խոսքով՝ իրենց հիմնական պահանջներից մեկն այն է, որ գործարանից այլևս ոչ մի չոփ չվաճառվի. «Այն ինչ մնացել է, դեռևս հույսեր կան, որ թեկուզ փոքր ծավալներով, բայց հնարավոր է վերագործարկել «Նաիրիտ» գործարանը։ «Նաիրիտ»-ի անվտանգության ծախսերն այժմ թողնված է գործարանի վրա, բայց քանի որ գործարանը չի աշխատում, ստիպված է իր ծախսերը հոգալու համար, ինքն իրեն վաճառել։ Կառավարությունը իր վրա պետք է վերցնի այդ ծախսերն այնքան ժամանակ, քանի դեռ ներդրողներ չեն գտնվել։ Մեր պահանջն է, որպեսզի կառավարությունը «Նաիրիտ»-ի ներդրումային ծրագիրն ընդգրկի ներդրումային ընդհանուր օրակարգում և ներդրողների հետ հանդիպման ժամանակ բարձրացնի նաև «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը։ Թույլ չենք տալու, որ վերջնականապես փոշիացվի «Նաիրիտ»-ը, քանի որ այն ոչ միայն «Նաիրիտ»-ի աշխատողներին է պատկանում, այն պատկանում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, բոլորիս հարստությունն է և անթույլատրելի է մեր սերունդներին պատկանող հարստությունը վաճառել օրվա խնդիր լուծելու համար»։
Վահագն Չախալյանի խոսքով՝ իրենց ակցիաներն անժամկետ են և ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը հավաքվելու են Կառավարության շենքի առաջ և բարձրաձայնելու են իրենց խնդիրը, մինչև Կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի։