Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ դատարանի որոշումը դեռ չի ստացել, սակայն ենթադրում է, որ իր պաշտպանյալին ազատ են արձակել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Փաստաբանի խոսքով՝ Փանոսյանի կալանավորումն ու հետապնդումը պայմանավորված է միմիայն Հրայր Թովմասյանի ընկեր և սանիկ լինելու հանգամանքով․ «Որևէ այլ հիմք չկա»,- նշեց նա։ 

 
 

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է դատախազությունը կրկին Փանոսյանին կալանավորման միջնորդություն ներկայացնի, Աթանեսյանն ասաց․ «Դա արդեն 3-րդ անգամը կլինի։ Չեմ կարող ասել, բայց հիմքեր չեն ունեցել ոչ առաջին անգամ, ոչ երկրորդ անգամ։ Ուղղակի առաջին անգամ Արտուշ Գաբրիելյանը կալանավորեց, երկրորդ անգամ՝ Գագիկ Պողոսյանը, հենց գործն ընկնում է օբյեկտիվ դատավորի մոտ, տեղում ազատ են արձակում»,- նշեց նա։

 
 
 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, ապա հունվարի 9-ին՝ բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և կալանավորելու որոշում կայացրել։

 

Այնուհետև Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։