«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տարբեր հրապարակումներից և քաղաքացիների ահազանգերից պարզ դարձավ, որ հանրապետության ողջ տարածքում գործող պոլիկլինիկաների «այլ կաբինետներն» այլևս չեն գործելու։ Պատճառը պետական ֆինանսավորման դադարեցումն է։ Պոլիկլինիկական հաստատություններում «այլ կաբինետները» 2020 թվականին այլևս պետական պատվերով ծառայություններ, այսինքն՝ խորհրդատվություններ չեն իրականացնում։
Տեղեկությունը «Փաստի» հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը։
Նա մանրամասնում է, թե որտեղից է բխում այսպիսի որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ «Նախ՝ ուսումնասիրվել էին ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններ իրականացնող 45 կազմակերպությունները, որոնք ունեն նեղ մասնագիտական կաբինետներ, թե ընդհանուր առմամբ ինչ խորհրդատվություն էին իրականացնում և ինչ գործառույթ կատարում։
4STOPPED
Բավականին խայտաբղետ ու բազմապիսի պատկեր ստացանք, ընդհուպ կային, օրինակ՝ ֆիզիոթերապևտիկ, լոգոպեդիկ կաբինետներ։ Առողջապահության նախարարությունը դեմ չէ պոլիկլինիկաներում ունենալ լոգոպեդ, սակայն այն բժշկական օգնության սպասարկման տեսակ չէ։
Ստացվեց մի իրավիճակ, որ «այլ կաբինետի» մասով մեկ նեղ մասնագիտական ծառայության վրա հենվելն անիրատեսական էր։ Պոլիկլինիկան ունի օրինակելի մոդել, հստակ սահմանված է, թե այն ինչպիսի կառուցվածք պետք է ունենա, ինչպիսի ծառայություններ մատուցի։
Այն մատուցում է առողջության պահպանման ընդհանուր՝ թերապևտի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի խորհրդատվություններ, ինչպես նաև ունի հինգ նեղ մասնագիտական և ևս հինգ դիսպանսեր հսկողության կաբինետներ։
6STOPPED
Բացի այդ, թույլատրվում է նաև մեկ այլ կաբինետ ունենալ սեփական հայեցողությամբ։ Արդյունքում ստացվել էր հետևյալ պատկերը, որ նույն, օրինակ՝ ուռոլոգիական ծառայությունը մեկ պոլիկլինիկայում այդտեղ հավաքագրված բնակչության համար անվճար էր, մեկ այլ տեղ այն վճարովի էր կամ էլ ընդհանրապես չկար։
Սա հակասում է առողջության առաջնային պահպանման գաղափարախոսությանը, որի հիմնական թեզն է՝ ամբողջ բնակչության համար հավասար, մատչելի, հասանելի բուժօգնություն տրամադրելը։ Այս պահին «այլ կաբինետները» չեն գործում, նրանց ֆինանսավորումը դադարեցվել է։
Դրանք այլևս պետպատվերով խորհրդատվություն չեն իրականացնում։ Խնդիրն առաջնային օղակում անհավասարաչափ բուժօգնությունն էր։ Հավելեմ, սակայն, որ առողջության առաջնային պահպանման օղակում քայլ առ քայլ իրականացվելու են ավելի նպատակային, ծրագրային մոտեցումներ»,-ասում է Վարդանյանը։
Նա ընդգծում է՝ պոլիկլինիկաներն իրարից չպետք է տարբերվեն մատուցվող ծառայությունների տեսակով։ «Դրան զուգահեռ սահմանվել է լաբորատոր գործիքային հետազոտությունների պարտադիր փաթեթ, և պոլիկլինիկաները պետք է կարողանան ապահովել այդ ծառայությունների մատուցումն իրենց կողմից հավաքագրված բնակչության համար»,-նշում է մեր զրուցակիցը։
Իսկ ինչպիսի՞ այլընտրանք է առաջարկվելու քաղաքացիներին, որոնք կարողանում էին պոլիկլինիկաներում անվճար հիմունքներով օգտվել վերը նշված մի շարք ծառայություններից։ Վարդանյանն ընդգծում է՝ այլ կաբինետների մասով բնակչությանն առաջարկվող այլընտրանքն առայժմ հետևյալն է.
«Մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվությունը հիվանդանոցային պայմաններում կշարունակվի՝ անկախ սոցիալական որևէ խմբի պատկանելիությունից։ Հիշեցնեմ, որ նախկինում մինչև յոթ տարեկանների համար էր սա գործում, այժմ տարիքային շեմը բարձրացվել է։ Այս խմբի համար խնդիրը լուծված է։
Ինչ վերաբերում է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին, մշակվում են և շուտով կներդրվեն թիրախային ծրագրեր, իսկ սոցիալապես անապահով հատուկ խմբերում ընդգրկվածների մասով նրանք և՛ դժվարամատչելի հետազոտությունների, և՛ հիվանդանոցային բուժօգնության դեպքերում ունեն իրենց իրավունքները։ Առողջապահության նախարարությունը սրա վրա կանգ չի առնելու։
Հարցերը լուծվելու են, բայց ամբողջ բնակչության համար։ Գուցե այս պահին կլինեն նաև մարդիկ, որոնք դժգոհում են, որ չեն կարողանում օգտվել այս ծառայություններից, բայց չէ՞ որ ամբողջ բնակչությունը չէր կարողանում օգտվել, ամեն ինչ շատ անհամաչափ էր արված։
Հետաքրքրվում ենք՝ գուցե դժգոհությունները պայմանավորված են բնակչության ոչ իրազեկ լինելու հանգամանքո՞վ։ «2019 թվականի վերջին երկու ամիսներին պոլիկլինիկաները գրավոր իրազեկվել են, որ հավանական է՝ 2020 թվականից «այլ կաբինետները» չգործեն։ Յուրաքանչյուր պոլիկլինիկական հաստատություն պետք է իր հավաքագրած բնակչության շրջանում իրականացներ այդ աշխատանքը։
Այո, ընդհանուր առմամբ առողջապահության նախարարությունն այս մասին բարձրաձայնել է 2020 թվականին, բայց քայլեր արել ենք, և պոլիկլինիկաները տեղեկացված են եղել դեռ նախորդ տարվա ավարտին»,-եզրափակում է Ծաղիկ Վարդանյանը»: