Տարածված լուրերի համաձայն՝ վերջին ամսվա ընթացքում զինծառայողների մահվան դեպքերի աննախադեպ ավելացման հետ կապված՝ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ և հրաժարականներ են սպասվում։

ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ պաշտոնանկ է արվել ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, իսկ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանը կնշանակվի Արցախի պաշտպանության նախարար։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 17-ին խորհրդակցություն էր անցկացրել կառավարությունում, փետրվարի 18-ին գրառում էր արել ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ քննարկել է 2020-ի ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերը, կայացրել է մի շարք կարևոր որոշումներ, որոնք վերաբերում են նաև կադրային փոփոխություններին: