«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն այսօր՝ փետրվարի 21-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսում, անդրադառնալով հարցին՝ արդյոք Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցը կապում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հետ՝ նշեց․
«Ես շատ կուզեի, որ այդ հարցին պատասխաներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի երեկվա հարցազրույցում հարցը հնչեցվեց, բայց մնաց անպատասխան: Ես, միանշանակ, այն համոզմանն եմ, որ «Մարտի 1»-ի գործը պիտի բացահայտվի և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: Չեմ կարծում, թե ՍԴ-ն առաջիկա ամիսներին կարող է այնպիսի որոշում կայացնել, որ Քոչարյանի ճակատագրի հարց քննարկեր: Պարզապես իշխանությանը պետք է վերահսկելի ՍԴ՝ բոլոր դեպքերի համար»,- ասաց Սուրենյանցը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, Սուրենյանցն իր դիրքորոշումը հայտնեց․ «Հեղափոխական ջահելները, որպեսզի չփորձեն իմ հետևում ականջներ տեսնել, Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի համար պատասխանատու է և պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Բայց ՍԴ հնարավոր որոշումներից վախենալու փոխարեն՝ իշխանությունները թող հոգ տանեն, որպեսզի ՀՔԾ-ում այնպիսի պրոֆեսիոնալ քննություն իրականացվի, որ կասկած չհարուցի Քոչարյանի և մյուսների մեղավորությունը»,- նշեց քաղաքագետը: