Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ստեփանակերտում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պաշտոնատար անձանց հրաժարականներ են պահանջել, ինչպես նաև իրենց բացասական մոտեցումն են արտահայտել նախագահական ընտրություններում թեկնածու Արայիկ Հարությունյանի առաջադրման վերաբերյալ: Ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկել մեքենաներով բարձր ազդանշան տալու համար, այնուհետև՝ ազատ արձակել: Բողոքի ակցիայի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ակտիվիստներից Մհեր Պողոսյանի հետ:
«Մենք պահանջում ենք, որպեսզի կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածու Արայիկ Հարությունյանը հանի իր թեկնածությունը: Գործող ռեժիմը պաշտպանում է Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Նախորդները ամեն ինչ անում են, որպեսզի ամեն կերպ մնան իշխանության՝ այս դեպքում սատարելով Հարությունյանին»,- ասաց նա:
Պողոսյանը շեշտեց, որ իրենք պահանջում են արդարություն, արդար ընտրություններ. «Մենք պահանջում ենք արդարություն, արդար ընտրություններ: Մեզ բերման ենթարկեցին մեքենայով ազդանշան տալու համար, բայց իրենց ազդանշանն ավելի բարձ էր: Թեպետ, անգամ կանգնելու կոչ չեն արել, միանգամից փակել են ճանապարհը: Անձամբ ես վարորդ չեմ, բայց ինձ ևս բերման ենթարկեցին: Բաժնում մեր հեռախոսները վերցրեցին, ջնջեցին ակցիայի վիդեոները, հետո վերադարձրին մեզ: Այդ պատճառով էլ վիդեոները քիչ են»:
Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ հարուցվել է վարչական վարույթ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջները չկատարելու հիմքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում: Վարչական ձերբակալման է ենթարկվել 8 քաղաքացի, որոնք ազատ են արձակվել՝ սահմանված երեք ժամը լրանալուն պես: Երթը տևել է, ընդամենը, 5 րոպե:
Ակտիվիստը ընդգծեց, որ ինքը անկուսակցական է, իսկ ակցիաները, ցույցերը շարունակական են լինելու. «Մեզնից ազատվելու միակ միջոցը՝ մեզ սպանելն է»:
Հիշեցնենք, որ Մհեր Պողոսյանը նախորդ ամիս միացել էր հացադուլ իրականացնող Ալեքսանդր Քանանյանին՝ պահանջելով Արցախում դադարեցնել փոքր ՀԷԿ-երի կառուցումն ու շահագործումը: