Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով երկու շաբաթով դադարեցվում է ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Թե որքանով սա կազդի Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել տնտեսագետ Սուրեն Պարսյանից:

 

«Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը նախորդ տարի նվազեց մոտ 20 տոկոսով: Ըստ այդմ, ներկրումը աճեց, արտահանումը նվազեց: Իրանից ներմուծում ենք նավթամթերք, գազ, պլաստմասե իրեր, պարարտանյութ, շինանյութ, իսկ արտահանում ենք, հիմնականում, էլեկտրաէներգիա»,- նշեց նա:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանից տարեկան արտահանվում է 90 մլն դոլարի ապրանք, որի 90 տոկոսը էլեկտրաէներգիան է: Արտահանվող ապրանքների ցանկում է նաև ոչխարի միսը, ծխախոտը, մետաղե ջարդոնը:

 

«Փակ սահմանի դեպքում՝ արտահանման տեսանկյունից մենք մեծ կորուստներ չենք ունենա, քանի որ արտահանվող ապրանքի 90 տոկոսը՝ էլեկտրաէներգիան, կարող ենք արտահանել նույնիսկ այս իրավիճակում: Ներմուծման դեպքում լուրջ խնդիրներ կառաջանան»,-ասաց նա:

 
 

Պարսյանը ընդգծեց, որ, եթե երկար տևի սահմանի փակ լինելը, ապա  դա կարող է ազդել մեր ներքին շուկայում որոշ ապրանքներ գների աճին: 

 

«Այս իրավիճակում առավել մեծ կորուստը, որը Հայաստանը կարող է ունենալ՝ մարտին իրանցի տուրիստների կրճատումն է: Հայտնի փաստ է՝ իրենց Նոր տարին նրանք նաև մեր երկրում են նշում՝ այստեղ անցկացնելով հանգստյան օրերը»,-ասաց նա՝ հավելելով, որ իր ունեցած տեղեկատվության համաձայն՝ արդեն իսկ մեր հյուրանոցներում բացասական տրամադրվածություն կա, քանի որ պարզ է՝ այս դեպքում տուրիստների հոսքը կտրուկ կնվազի:

 

Տնտեսագետը նաև նշեց, որ վերջին մի քանի տարիներին, արդեն իսկ, նվազել է իրանցի տուրիստների հոսքը՝ պայմանավորված իրանական արժույթի կտրուկ արժեզրկմամբ. «Սա լուրջ խնդիր է, հատկապես, տուրիստական տեսակետից: Կարծում եմ՝ տուրիստական ընկերություններն ու հյուրանոցները կորուստներ կունենան»

 

Պարսյանն ընդգծեց, որ 2019 թ. հոկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, որը թույլ է տալիս արտոնյալ մաքսատուրքերով կամ զրոյական մաքսատուրքերով ապրանքներ արտահանել և ներմուծել Իրան, ցավոք այդ հնարավորություններից առ այսօր մեր ձեռնարկությունները և կառավարությունը չեն օգտվել և այս իրավիճակը, ըստ էության, ավելի է հետաձգում այդ պայմանագրից օգտվելու հնարավորությունը: