Ջալալ Հարությունյանն, ով Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել, խարիզմատիկ կերպար է, այդպիսի կերպարները շատ անհրաժեշտ են մեր բանակին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը' անդրադառնալով ԱՀ ՊԲ-ում կադրային փոփոխություններին:

«Հիշեք՝ 90-ականներին մենք ունեցել ենք խարիզմատիկ զինվորական ղեկավարներ՝ Մոնթե Մելքոնյան, գեներալ Իվանյան և մյուսները: Բոլորը լեգենդար են, այն ժամանակ բոլոր հերոսները իրենց հերոսական կեցվածքը նվիրել են մեր հաղթանակներին, մեկը ստացել է հերոսի շքանշան, մեկը չի ստացել, բայց Եռաբլուրում թաղված մեր բոլոր ընկերները հերոսներ են, անկասկած»,-ասաց Քոչարյանը:

Քոչարյանն ասաց, որ Ջալալ Հարությունյանի կերպարը կարևոր դրսևորում է ունեցել Ապրիլյան պատերազմի ժամանակ, իսկ ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Կարեն Աբրահամյանն իր ինտելեկտուալ կարողություններով դեռ բանակում մեծ անելիքներ կունենա: Նրա փոխարինումը վերջին դեպքերի ազդեցության տակ եղավ: