Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահազանգեր եմ ստանում Մաշտոցի պուրակում ընթացող շինարարության մասին: Ուստի ուզում եմ տեղեկացնել և վստահեցնել, որ այգու տարածքում նոր կառույցներ չեն ավելանալու, վերակառուցվում է վաղուց գոյություն ունեցող սրճարանը` նույն չափերով: Նկարներում սրճարանի նոր տեսքի էսքիզն է և կառույցի սահմանները:

 

Մտահոգություն կա նաև շինարարության ընթացքում տարածքի ծառերի վնասման վերաբերյալ: Վաղը բնապահպանության վարչության մասնագետը կայցելի և տեղում կզննի ծառերի վիճակը, անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն և կառուցապատողին ցուցումներ կտրվեն:

ՀԳ. Շարունակում եմ կտրականապես դեմ լինել քաղաքային այգիների կառուցապատմանը և հույս փայփայում, որ մի օր համայնքը կունենա բավարար կարողություն և ֆինանսական միջոցներ` կորսված հանրային տարածքներն ամբողջությամբ վերադարձնելու համար»: