«Իրատես» թերթը գրում է. «Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարման հարցը տեւական ժամանակ քննարկվում է։ Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարը եւս չբացառեց նման հնարավորությունը։ «Մենք ԳԱԱ-ի հետ կապված առաջարկ ունենք, որտեղ գործառութային որոշակի փոփոխություններ են նախատեսվում։ Այն ինստիտուտները, որոնք գործում են ԳԱԱ-ում, ունենալու են խորհուրդներ եւ կառավարման այլ ձեւ։ ԳԱԱ-ն պահպանելու է որոշակի գործառույթներ»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ հիմա առաջարկների են սպասում ակադեմիայից։

Իսկ ԳԱԱ-ում բողոքի մեծ ալիք է հասունանում այս հարցի առնչությամբ։ Մեր տեղեկություններով, գիտնականների դժգոհությունը չափ ու սահման չունի, նիստեր են անում եւ դատապարտում ԳԱԱ-ի հանդեպ նման վերաբերմունքը։

Ընդունելով, որ ոլորտն առողջացնելու հրամայականն առկա է, բազում խնդիրներ կարոտ են լուծման, գիտնականների համքարությունը խիստ դատապարտելի է համարում նախարարության որոշումը։ Մնում է հասկանալ, թե ԳԱԱ-ն ինչ առաջարկներ կներկայացնի նախարարին ու դրանք որքանով հաշվի կառնվեն»: