Եղեգնաձոր քաղաքում նախորդ տարի դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը 6 ամիս է կոմայի մեջ է: Նրա հարազատներն այսօր' մարտի 7-ին, հոսպիտալի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում դատարանի կայացրած որոշման դեմ, ըստ որի՝ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը և նա 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ է արձակվել։

Արա Մխիթարյանի հայրը լրագրողների հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց. «Ժողովուրդ, սպաների մայրեր, լավ լսեք ջարդված տղու հոր ձենը: Զգույշ եղեք, քանի որ հիմա սպան շատ ցածր մակարդակի վրա է, ով ուզի կարող է խփել: Էն սպան, որը կանգնած է սահմանի վրա ավելի պաշտպանված է, քան երկրի ներսում, քանզի կարող են նրան ջարդել, փշրել և հայտարարել՝ ինչ ուզեն կարող են անել: Ու երեկ ազատ են արձակել իմ տղին էդ օրը հասցնողներից մեկին, որ խմբակային գործով չգնան: Իմ երեխես 27 տարի, մութ ու ցուրտ տարիներին, երբ ժողովուրդը հաց չուներ, ես իմ երեխուն համոզեցի, որ գնար սովորեր Լենինգրադում, հետո Մոսկվայում, որ գար հայրենիքը պաշտպաներ, որ էսօր երեխուս ջարդեն, գցե՞ն»,- նշեց Մխիթարյանի հայրը:

Դիմելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին նշեց. «Հալալ լինի քո կերած կաթը, որ դու կարաս սպային ջարդողին ազատ արձակես, եթե քո որդու հետ լիներ այդպե՞ս կվարվեիր, ազատ կարձակեի՞ր, քանի շուտ է' ուշքի արի»,- ասաց նա:

Նշենք, որ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին' չկանխելով այն:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։