Հեղափոխությունից հետո Հայաստանում ամենաբարձր մակարդակում հայտարարություններ արվեցին աղբահանության ոլորտի կարգավորման վերաբերյալ: Իշխանությունները խոստանում էին կրճատել գործող աղբավայրերի թիվը և բացել աղբի վերամշակման նոր գործարաններ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ աղբը փող է, իսկ Հայաստանում աղբահանությունը լուրջ բիզնես է, որի յուղոտ պատառները մշտապես բաժին են հասել իշխանությանը մոտ կանգնած յուրայիններին:
 
Դիցուք՝ ամեն օր 26 համայնքներից 10-15 բեռնատարներով աղբ է բերվում Մասիսի տարածաշրջանի աղբավայր։ Աղբավայրի տարածքը 12,85 հեկտար է, այն 1997 թվականից 99 տարով շահագործման է հանձնվել «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ին։ Այս ընկերությունը պատկանում է Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եղբորը՝ Միշա Հակոբյանին։ Ընկերությանն աղբավայրի տարածքը վարձակալությամբ է տրամադրված, որի համար տարեկան վճարում է 276 հազար դրամ։ Տարածքը որպես աղբավայր շահագործվում է 1969 թվականից և մինչ 1997 թվականն այն եղել է քաղաքապետարանի ենթակայության ներքո։
 
Նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) ընկերությունը 2018-ից սկսել է ծառայություններ մատուցել Ծաղկաձոր քաղաքում: Մհեր Սեդրակյանին 50%-ով պատկանող «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ի և Ծաղկաձորի համայնքապետարանի միջև օգոստոսի 23-ին կնքվել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ:: Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության արժեքը, ըստ պայմանագրի, կազմում է 17 մլն. 150 հազար դրամ: Նշենք, որ «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997թ-ին: Մհեր Սեդրակյանն ընկերությունում 50%-ի բաժնետեր է դարձել 2009թ-ին: Նրա գործընկերը Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Ժիրայր Այվազյանն է, ում պատկանում է ընկերության մնացած 50% բաժնեմասը:
 
Վանաձորում աղբահանությունն իրականացնում է 4 կազմակերպություն՝ ըստ սահմանված գոտիների՝ «Լայվ» ՍՊԸ, «Պագամի» ՍՊԸ, «Վանաձորի սանմաքրում» ԲԲԸ և «Է. Էդարյան» ՍՊԸ:
 
«Լայվ» ՍՊԸ՝
 
«Պագամի» ՍՊԸ-ն Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանինն է:
 
Չմոռանանք, որ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա որդիներին փոխկապակցված «Տերյան 5» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանի համար, որպես նվեր, «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ» է կառուցել: «Տերյան 5» ընկերության միակ բաժնետերն այս պահին Հարություն Թադևոսյանն է, որը նաև հանդիսանում է Խաչատրյաններին առնչվող «Մեգաթոյ» ՍՊԸ-ի միակ սեփականատերը, և մի շարք ընկերություններում, այդ թվում՝ «Դելտապրո» ՍՊԸ-ում որպես ընկերության բաժնետեր փոխարինել է Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին։ Նշենք, որ Խաչատրյաններին փոխկապակցված «Մեգա Ֆուդ» ընկերության իրավաբանական նախկին հասցեն նույն Հարություն Թադևոսյանի գրանցման հասցեն էր։