Սիսիանում «Այո»-ի քարոզարաշվի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կուրթանեցի Մեխակի հետ կատարված միջադեպին։

«Ես ուզում եմ խոստովանել, որ երկու սխալ եմ թույլ տվել, ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, և թերագնահատել եմ այն հանգամանոքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել ու ասել, որ, «գիտես ինչ, ես իրականում առողջական լուրջ պրոբլեմներ ունեմ» », - ասաց Փաշինյանը։

Նա իր այս երկու սխալի համար և Մեխակից, և ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրեց։

«Մենք կարող ենք սխալվել, բայց մենք նենգ ու անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի, համոզված եմ, որ Մեխակն ու նրա ընտանիքը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում ու հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն», - ասաց վարչապետը։
Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավի ժամանակ կուրթանեցի երիտասարդին հանդիմանել էր այն բանի համար, որ նա, լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում։

 

 

 

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ երիտասարդն, իրականում, առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։