Գյումրիում ծեծի ենթարկված 13–ամյա աղջնակի խնամակալության հարցը չի որոշվել, բայց մի կին ցանկանում է խնամակալ դառնալ: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գյումրու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը:

Հանձնաժողովի առաջին նիստը երեկ է տեղի ունեցել: Օրակարգում երկու հարց է եղել:

«Առաջին հարցն այն էր, որ 2 երեխաներին՝ տուժած 13 ամյա աղջնակին և 17 ամյա եղբորը ճանաչեցինք՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, քանի որ նրանք երկկողմանի ծնողազուրկ են հաշվառվել արդեն: Երկրորդ հարցը՝ աղջկա խնամակալությունը ստանձնելու համար Երևան քաղաքի բնակիչ Նվարդ Մանասյանի դիմումն էր, որը մենք սկսել ենք քննարկել»:

Դիմումն ընդունել են, քննարկում են, սակայն վերջնական որոշումը կայացնելու համար, դեռ երկար ուսումնասիրությունների կարիք կա, համակողմանի և մանրամասն դիտարկումների անհրաժեշտություն:

«Խնամակալության հանձնելու ընթացքը երկար ու մանրակրկիտ ուսումնասիրության հարց է: Այս ամենից զատ՝ մենք պետք է նաև աղջկա կարծիքը լսենք, պետք է իր ցանկությունները հաշվի առնենք»:

3STOPPED
Նշենք, որ երևանաբնակ կնոջ դիմումը, դեռևս, միակն է, երեխայի կամ երեխաների խնամակալությունը ստանձնելու այլ դիմումներ չեն եղել:

«Խնամակալության հարցը կարող է ամիսներ ձգձգվել, քանի որ կա նաև այլ խնդիր: Աղջկա եղբայրը սեպտեմբերին դառնում է 18 տարեկան, այսինքն՝ չափահաս, և հնարավոր է, որ հենց ինքը ուզի դառնալ խնամակալ՝ քրոջ համար: Մինչ խնամակալության հարցի վերջնական լուծումը, երեխաներին հարկավոր է ներկայացուցիչ, որն, ըստ օրենքի, կդառնա համայնքի ղեկավար մարմինը՝ այս դեպքում Գյումրու համայնքապետարանն ու քաղաքապետը»:

Հիշեցնենք, որ դաժան ծեծի ենթարկված ու մահացած կինը 13 ամյա աղջնակից բացի ունի նաև որդի, ով մինչ այս դեպքը, ապրել է Ռուսաստանի Դաշնությունում: Նա երեկ վերադարձել է, այժմ Գյումրիում է: Նա քրոջը դեռ չի տեսակցել:

«Կարծես թե, ցանկություն չունի քրոջը այցելելու, դեռ չգիտեմ»:

Որդին ներկա չի եղել նաև մոր հուղարկավորությանը, որն այսօր է տեղի ունեցել:

«Բարեկամ, հարազատ էլ չտեսա, միայն համայնքապետարանի և մարզպետարանի ներկայացուցիչներն էին, Շիրակի մարզպետն ու քաղաքապետը»:

Աիդա Կիրակոսյան