ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդգես Գասպարիի վերաբերյալ 2008թ. նոյեմբերի 10-ին կայացված մեղադրական դատավճռի դեմ:
Այդ դատավճռով Վ. Գասպարին մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հիմնավորված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին, ժամը՝ 0830-ի սահմաններում, երբ ոստիկանության 2 աշխատակիցներ «Ազատության» հրապարակի մոտակայքում նրան նախազգուշացրել և պահանջել են դադարեցնել անօրինական միջոցառման մասնակցելը, Վ. Գասպարին չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին և կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել վերջիններիս նկատմամբ, տվել բռնություն գործադրելու սպառնալիքներ:
Վ. Գասպարին դատապարտվել է մեկ տարի ժամկետով ազատազրկման, որի դեմ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքը մասնակիորեն բավարարելով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ մարտի 30-ի որոշմամբ դատավճիռը պատժի մասով փոփոխել է և որպես պատիժ է նշանակել ազատազրկում տասնմեկ ամիս ժամկետով։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն բողոքը վերադարձվել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։
Նշված գործին առնչվող նյութերը և դատական ակտերը ևս ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող՝ 2008թ. կայացած նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածում կատարված իրադարձությունների մասնակիցների վերաբերյալ դատավճիռների շարքում: Արդյունքում պարզվել է, որ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են, խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտել են ամբաստանյալի պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները:
Մասնավորապես՝ մեղադրանքը եղել է անորոշ, վերացական կերպով ուղղակի մեջբերվել է վերագրվող հանցագործությունը սահմանող նորմի դիսպոզիցիան՝ առանց նկարագրելու հանցավոր արարքների կատարման ձևն ու եղանակը: Ընդ որում՝ քրեական գործով տուժող ճանաչված անձ չկա: Այդ պայմաններում անհնար է դարձել արդար դատաքննության հիմնարար իրավունքի պահանջների կատարումը, և Վ.Գասպարիի արարքում բացակայում է հանցակազմը:
Բացի այդ, դատարանը բացառապես հիմնվել է վիճարկվող իրադարձությանն ակտիվ ներգրավված ոստիկանների ցուցմունքների վրա՝ պաշտպանության կողմին չտալով հակառակ ապացույցներ ներկայացնելու որևէ հնարավորություն, ինչով սահամանափակվել է նրա պաշտպանության իրավունքը:
Ըստ Եվրոպական դատարանի՝ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով իրավական դիրքորոշման՝ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցնում են աշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Վարդգես Գասպարիի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու, փոփոխելու և մեղսագրված արարքում նրա անմեղությունը ճանաչելու պահանջով:
ՀՀ գլխավոր դատախազությունում վերոհիշատակյալ ուսումնասիրությունները շարունակվում են: