Կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում մի շարք առևտրի կենտրոնների գործունեությունը դադարեցվեց: Դրանց մի մասը՝ աշխատանքները դադարեցրել էին մինչև արտակարգ դրության ռեժիմ մտցնելու որոշումը, մյուս մասը՝ դրանից հետո:

Վերջիններիս թվում է նաև Նոր Նորք վարչական շրջանում գտնող «Մասիվի» շուկան, որի աշխատակիցները մի քանի օր է բողոքում են շուկան «ապօրինի» փակելու պատճառով:

«Մեր վաճառածը գյուղմթերք է, իսկ դրա վրա արգելք դրված չէ: Շուկայի տնօրինությունը չի թողնում աշխատենք, փակել է, ասում է' չեք աշխատելու ու վերջ: Լավ, բա որ չենք աշխատում' ո՞նց ապրենք»,- դժգոհում են առևտրականները՝ նշելով, որ իրենց հարցին պետք է շուտափույթ լուծում տրվի, հակառակ դեպքում իրենց ընտանիքները սոված կմնան:

Նշենք, որ երեկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները գյուղատնտեսական շուկաներում՝ կորոնավիրուսի Covid19 դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջայցերի շրջանակներում եղել էին նաև «Մասիվի» շուկայում և տվել վիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ցուցումներ: