Հայաստանում կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջ հուղարկավորությունը կատարվելու է համաճարակաբանական ցուցումներով: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:
«Նրան փակ դագաղով են հուղարկավորելու, ինչպես նաև հուղարկավորության ժամանակ պահպանվելու են արտակարգ դրության սահմանած բոլոր կանոնները»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ մարտի 26-ին, Հայաստանում կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել:
Նշենք, որ կինը բուժում էր ստանում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Նա ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ուղեկցող հիվանդությունների պատճառով էլ հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը: