Ամերիկահայ հայտնի երաժիշտ, System Of A Down խմբի երգիչ Սերժ Թանկյանն այս օրերին ինքնամեկուսացված է Նոր Զելանդիայում: Նա առցանց հարցազրույց է ունեցել տեղի հայտնի լրագրող Դեւիդ Ֆարիերի հետ եւ կիսել կորոնավիրուսի հետեւանքով աշխարհում ստեծված իրավիճակի վերաբերյալ իր մտորումները:

Երաժիշտի կարծիքով՝ վիրուսը կարեւոր հաղորդագրություն է բնության կողմից, որը հուշում է մարդկանց փոխել իրենց ապրելակերպը:

«Սա շատ կարեւոր հաղորդագրություն է բնություն կողմից, որը ստիպում է մեզ մտածել՝ ինչ ենք մենք անում`որպես  քաղաքակրթության, ինչպես ենք ընտրում մեր առաջընթացի չափանիշները: Մինչեւ վերջերս մեզ համար չափանիշը տնտեսական աճն էր, սակայն իրավիճակը մեզ ստիպում է մի քայլ հետ անել եւ հասկանալ՝ որը պետք է լինի մեր հաջորդ չափանիշը: Հիմա շատ ժամանակ անցկացնելով մեր ընտանիքի հետ, նայում ենք դուրս ու տեսնում, որ երկինքը շատ մաքուր է, քանի որ չեն գործում տրանսպորտի միջոցները: Սա շոկային է, բայց մենք պետք է մտածենք այս ամենի մասին: Սա մի օրինակ է, թե ինչպես բնության մեջ մի փոքր բան կարող է աշխարհում ամեն ինչ կանգնեցնել: Պետք է ավելի խելացի լինենք տնտեսության ապագայի համար»,-իր խոսքում նշել է Թանկյանը, այնուհետեւ հավելել.

«Որքանով, որ ես եմ տեղյակ աշխարհում դեռ նման իրավիճակ չէր ստեղծվել, կարծում եմ՝ այն մեզ կփոխի, կստիպի, որ երկու անգամ մտածենք մի բան անելուց առաջ: Կարծում եմ՝ այս ամենը մեկ օրում չի անցնի, մարդկանց երկար ժամանակ կպահանջվի հետեւանքները հաղթահարելու համար: Այս ամենը օգնեց մեզ հասկանալ, որ ժամանակակից հասարակությունը ամոթալի վիճակում է: Շատերս գիտեինք այդ մասին, բայց արդեն հասցրինք նաեւ զգալ»:

Երաժիշտն անդրադարձել է նաեւ իր 5-ամյա որդու՝ իրավիճակի ընկալմանը.

«Նա ընդամենը 5 տարեկան է, եւ չեմ կարծում՝ ամբողջությամբ հասկանում է, թե ինչ է կատարվում: Իհարկե, գիտի որոշ բաներ, գիտի, որ վիրուսի պատճառով շատ բաներ փոխվել են: Երբեմն երեխաները մեծերից ավելի լավ են ամեն ինչ հասկանում: Սա սարսափելի բան է, բայց աշխարհի վերջը չէ: Ոչ թե վիրուսն է մեզ այս կետին հասցրել, այլ ինքներս ենք դա արել»,-նշել է երաժիշտը: