Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ օրինագծերի փաթեթը։ Ըստ նախագծի՝ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են պետական մարմիններին տրամադրել հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը՝ պարզելու համար անհրաժեշտ տվյալներ: Իշխող կուսակցության պատգամավորների խոսքով՝ սա արվում է կորոնավիրուսի տարածումը կանխելու, ինչպես նաև վարակակիրների հետ կոնտակտային անձ համարվող մարդկանց հնարավորինս շուտ գտնելու համար: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց իրավաբան Սիրանուշ Սահակյանի հետ՝ պարզելու, թե որքանով են ոտնահարվում մեր իրավունքները՝ օրինագծի փաթեթի ընդունմամբ:
«Կարծում են՝ նախագիծը խախտում է քաղաքացիների մի շարք իրավունքներ, սկսած՝ անձնական տվյալների պաշտպանությունից, նամակագրության գաղտնիությունից, վերջացրած սեփականության իրավունքի միջամտությամբ, ընդ որում՝ նախատեսվում է մի քանի մակարդակի միջամտություն, այդ թվում՝ անձի կամքին հարկադրելու, պարտավորեցնելու են իր հեռախոսի մեջ որոշ ծրագրի ներդրում և այդ ծրագիրը անձի կամքին հակառակ՝ տվյալներ է հավաքագրելու և փոխանցելու, այսինքն՝ նախատեսում է վերահսկողություն, որը որևէ առումով պիտանի չէ հռչակված նպատակին»,-ասաց նա:
Իրավաբանը նշեց, որ քաղաքացիների հաղորդագրությունները կարդալով կամ հեռախոսազանգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու միջոցով՝ երբեք հնարավոր չէ ֆիզիկական շփումների մասին հստակ հետևություններ կատարել. «Արդյունքում ստացվում է, որ հաղորդակցության ուղիներով շփման շրջանակն է բացահայտվում, ինչը չի համընկնում և չի կարող համընկնել փաստացի ֆիզիկական շփումների հետ: Եվ փոխարեն ֆիզիկական շփումների իրական շրջանակը բացահայտելու, վերահսկողությունը մեծացնելու միջոցառումներին՝ ներխուժում են խիստ զգայուն տիրույթ, որը վերաբերում է հենց մեր խոսակցությունների գաղտնիությանը և անձնական տվյալների պաշտպանությանը»:
Անդրադառնալով այն փաստին, որ օրենքի նախագիծը ԱԺ-ում ընդունվել է առանց ընդդիմադիր պատգամավորների ներկայության՝ Սահակյանն ասաց. «Երբ ԱԺ նիստ է հրավիրվում, որին ներկա չեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մենք այստեղ ոչ թե գործ ունենք Օրենսդիր մարմնի ակտի հետ, այլ գործ ունենք քաղաքական ուժի ակտի հետ, այսինքն՝ վերջիններս արդեն Օրենդիր մարմինը նույնացնում են քաղաքական ուժի հետ, ինչը որևէ կերպ համահունչ չէ ժողովրդավարական արժեքներին»: