Այս պահի դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահացել է 3036 մարդ, կա մոտ 47 հազար 600 վարակակիր. զարգացած եվրոպական երկրները տարածման եւ մահացության թվով անհամեմատ առաջ են անցել Իրանից: News.am-ի փոխանցմամբ՝ «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման տվյալներ է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:
«Իրանում հիվանդացության տարածման առումով որոշակի կայունացման եւ մեղմացման միտումներ են նկատվում: Ամեն դեպքում, զգուշավորության եւ ապահովության մասին դեռեւս չպետք է մոռանանք: Հիմա այստեղ Նովրուզի օրերն են, եւ թվում էր, թե տեղաշարժն ամբողջությամբ կդադարի, բայց հասարակության մի մասն ականջալուր չեղավ կոչերին, բազմաթիվ ընտանիքներ գնացին, օրինակ, ծովափնյա շրջաններ, եւ դա նկատի ունենալով՝ մասնագետները համաճարակի երկրորդ ալիք են կանխատեսում»,- ասել է դեսպանը:
Ըստ Թումանյանի՝ Իրանում սկզբնական կանխարգելմամբ չեն զբաղվել, հիվանդացության շղթաներ չեն կազմել եւ նրանց չեն տեղորոշել. «Այս աղետը վրա հասավ այն պահին, երբ Իրանը դաժանագույն պատժամիջոցների տակ էր: Կառավարությունը մինչ այս էլ ֆինանսական լուրջ խնդիրների մեջ էր: Այստեղ նույնիսկ սոցիալական փոխհատուցումների մասին չի խոսվում, ինչպես Հայաստանում»:
Դեսպանի կարծիքով՝ հայ-իրանական օդային եւ ցամաքային սահմանները փակելը հեշտ որոշում չի եղել, դա արվել է Իրանում առաջին վարակակրին հայտնաբերելուց հինգ օր հետո. «Իրանի հարեւան երկրներից մենք առաջինն էինք, որ փակեցինք երկու սահմանները: Իրանական որոշ շրջանակների կողմից մենք քննադատվեցինք, հարցն ընկալվում էր առավելապես բարոյական հարթության մեջ: Սահմանի փակման որոշումը կայացվեց ճիշտ ժամանակին: Սահմանը փակվեց, բայց ՀՀ քաղաքացիները շարունակեցին Իրանից վերադառնալ Հայաստան, այդկերպ մոտ 800 հոգի է վերադարձել: Հայտնի չէ որեւէ դեպք, որ նրանց կողմից վարակի անվերահսկելի տարածում լիներ, երկու դեպք է եղել, երկուսն էլ ավարտվել են, շղթան չի շարունակվել»:
Արտաշես Թումանյանի պնդմամբ՝ վարակի փոխանցում տեղի չի ունեցել նաեւ հայ-իրանական բեռնափոխադրումների ընթացքում, դրանք այժմ կազմակերպվում են համաձայնեցված ցանկերով, կողմերն իրար են ներկայացնում անհրաժեշտ ապրանքների ցանկերը:
Դեսպանի հավաստմամբ՝ իրանահայերի վարակվածության ճշգրիտ հաշվարկ չկա, Իրանում կոնտակտավորների հաշվառում եւս չեն իրականացնում: «Առայսօր կորոնավիրուսից մահացել է վեց իրանահայ: Այսօր երկրում ակտիվացրել են թեստավորման աշխատանքները, հիվանդացության աճը կապված է թեստավորման արդյունքում բացահայտված դեպքերի հետ, թեեւ տանը մեկուսացած հիվանդների թիվն էլ չկա: Հայ համայնքը բավականաչափ կազմակերպված է, իրանահայերն ստանում են ճիշտ այնպիսի բուժօգնություն, ինչպես եւ մնացած բոլոր իրանցիները»,- ասել է Թումանյանը՝ հավելելով. «Իրանում ապրող ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ քաղաքացիությամբ ընտանիքի անդամ ունեցող իրանցիներն այսօր էլ հանգիստ կարող են հատել հայ-իրանական սահմանը եւ վերադառնալ Հայաստան, սպասում ենք, որ մոտ մեկ շաբաթից նրանց հերթական խումբը կվերադառնա»: