ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի՝ թանկացած ոսպի, հնդկաձավարի փոխարեն դրանց փոխարինիչները գնելու հորդորը բնավ չի բացառում կառավարության գործողությունները խնդրի զսպման ուղղությամբ և քաղաքացիների հանդեպ վիրավորանքի որևէ տարր չի պարունակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպես կարելի է գնահատել նախարարի արտահայտությունը՝ գնել փոխարինիչ, եթե ոսպը թանկ է:

«Ցանկացած մեջբերմանը, համատեքստից դուրս օգտագործելու դեպքում, կարելի է բազմաթիվ այլ իմաստներ հաղորդել: Եթե լսեք միտքն ամբողջական, ապա պարզ է, որ բերված էր սպառողական վարքագծի իրավիճակային օրինակ, որը կարող է ազդել գների բարձրացման վրա՝ ի թիվս այլ արտաքին գործոնների: Եվ այն բնավ չի բացառում կառավարության գործողությունները՝ խնդրի զսպման ուղղությամբ, ու այն քաղաքացիների հանդեպ վիրավորանքի որևէ տարր չի պարունակում, եթե միտքը չշահարկեն»,-ասաց Օհանյանը:

Անդրադառնալով «փոխարինիչ» բառին՝ խոսնակը պարզաբանեց, որ օրերս բառի վերաբերյալ մասնագիտական սահմանումը տվել է սննդի փորձագետ Դավիթ Պիպոյանը: Նա հորդորեց ծանոթանալ դրան, տեսնել, թե կոնկրետ ինչ օրինակներ են բերվում նախարարի ասած փոխարինչի համար:

Նախարար Տիգրան Խաչատրյանն օրերս իր ասուլիսում անդրադարձել էր որոշ մթերքների թանկացման թեմային, հորդորել խուճապի չմատնվել: Նա մասնավորապես նշել է, որ եթե տեսնում ենք ոսպի և հնդկաձավարի գները թանկանում են, ապա մարդիկ որպես սպառողներ կարող են ընտրել մյուս փոխարինիչները, որոնք առկա են: Նա նկատել էր, որ այդպիսով առհասարակ նաև շուկան է կարգավորվում: