Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը, Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ կորոնավիրուսի հետեւանքները մեղմելուն ուղղված հերթական թիրախային օժանդակություն է ցուցաբերում Վայոց ձորի մարզում՝ այս անգամ մարզի համայնքներին տրամադրելով կարտոֆիլի սերմացու:
Մեր այցի պահին թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն անձամբ էր հետեւում սերմացու կարտոֆիլի պարկերի վարակազերծման աշխատանքներին, որոնք հետո բարձում էին բեռնատար ավտոմեքենաները՝ համայնքներ տեղափոխելու նապատակով:
Զրույցի ընթացքում թեմի Առաջնորդը նշեց՝ քանզի մարզի հիվանդանոցներն արդեն ապահովված են թեմի կողմից պատրաստվող պաշտպանիչ կոշտ եւ փափուկ դիմակներով, քայլ արեցինք օժանդակության հաջորդ փուլին: Վերլուծելով կորոնավիրուսի պատճառով Հայաստանի Հանրապետությունում եւ Վայոց ձորի մարզում ստեղծված իրավիճակը, որոշվեց օժանդակություն ցուցաբերել գյուղատնտեսության ոլորտին:
Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ասաց, որ թեմի կողմից ձեռք բերված սերմացուի բաշխումը կատարել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ: Թեմի առաջնորդը նշեց նաեւ, որ Վայոց ձորի թեմի կողմից կորոնավիրուսի հետեւանքները մեղմելուն ուղղված հասցեական օժանդակությունը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ, լինելու է շարունակական: