Երեկ ՀՀ տարածքում գրանցվել է ցածր ջերմաստիճան, մասնավորապես՝ Արարատի մարզում ջերմաստիճանը զրոյին մոտ է եղել: Թեմային անդրադարձել է նաև վարչապետը՝ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել, թե Արարատի մարզի, որոշ համայնքներում ինչպիսի իրավիճակ է, գրանցվել են արդյոք ցրտահարության դեպքեր և ինչ միջոցառումներ են իրականացվում:  

 

Բաղրամյան համայնքի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ ցրտահարություն չի եղել. «Երեկոյան բակում դույլով ջուր էի դրել, վաղ առավոտյան նայեցի՝ ջուրը չէր սառել: Շատ ուրախացա, դա լավ նշան էր, ուրեմն այգիներում էլ ցրտահարություն չի եղել: Գյուղացիներն էլ չեն դիմել, ոչ ոք չի զանգել ու ասել, որ ցրտահարություն է եղել իր այգում»:

Համայնքի ղեկավարը նշեց, որ այս ընթացքում ամենավտանգավորը ծիրանի ծառերն են, քանի որ ծիրանենին է շուտ ցրտահարվում. «Մեզ մոտ միայն տանձենիներն են, որ չեն ծաղկել, մյուսները՝ ծաղկել են: Բայց առանձնակի խնամք ծիրանենին է պահանջում: Մեր համայնքը բնականոն կյանքով է ապրում, ամենամյա գարնանային աշխատանքներն ենք իրականացնում»:

 

Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանն էլ ասաց, որ ծիրանի այգիներ գիշերն են գնացել՝ իմանալով, որ ցուրտ է լինելու, բայց ցրտահարություն չի եղել. «Շատ ցուրտ չէր, սակայն որոշ գյուղացիներ իրենց այգները ծխահարում էին: Վստահ չեմ կարող ասել, թե հետո ինչ կլինի, բայց այս պահին ամեն ինչ նորմալ է, գյուղացիներից ահազանգ չենք ստացել»: