Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում Չինաստանը Հայաստանին բժշկական օգնություն է ուղարկել: Սակայն օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական սոցմեդիային, լրատվամիջոցներին ու հասարակությանը, գրում է haberturk.com կայքը:
Նրանց, մասնավորապես, բարկացրել է հետևյալ գրությունը. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:
Նշվում է, որ ուղարկված օգնությունը ներառել է 2 թթվածնային կայան, 60 000 թեստ, 60 000 բժշկական դիմակ, 280 000 պաշտպանիչ դիմակ, 20 000 պաշտպանիչ ակնոց, 100 000 պաշտպանիչ հագուստ և դեղամիջոցներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 605 277 դեպք, 95 751-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 356 925 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում: