Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որը հրապարակայնորեն անվստահություն է հայտնում կորոնավիրուսի խիստ վտանգավոր լինելու և սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին հայտարարություններին, Բրազիլիայում գտնվող հիվանդանոց է այցելել առանց դիմակի և մարդկանց բարևել է ձեռքսեղմումով: Նրա այցը լուսաբանվել է Globo1 և այլ լրատվամիջոցների կողմից:
Լրագրողները նշել են, որ նախագահը երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է խախտել սոցիալական հեռավորություն պահպանելու և ինքնամեկուսացման վերաբերյալ բժիշկների ցուցումները:
Ապրիլի 10-ին նա այցելել է մայրաքաղաքի առևտրային և բնակելի թաղամասեր, չնայած այն հանգամանքին, որ քաղաքում ինքնամեկուսացման ռեժիմ է սահմանված, և մարդկանց խորհուրդ չի տրվում լքել տները:
Նա այցելել է պաշտպանության նախարարության հիվանդանոց, այնուհետև քաղաքի հարավ-արևմուտք գտնվող դեղատուն, իսկ հետո մտել բնակելի շենք: Նրա շրջայցի վերաբերյալ տեսանյութում երևում է, որ նա ձեռնոց չի կրում և առանց պաշտպանիչ դիմակի է, ձեռքով դիպչում է դեմքին, պարբերաբար սեղմում է դեպի իրեն պարզված ձեռքերը:
Ճանապարհին նա կանգ է առնում, զրուցում և լուսանկարվում է մարդկանց հետ: Ոմանք նրան ծափահարում են, մյուսները՝ հայհոյանքներ են բղավում: Նրա թիկնապահները նույնպես առանց դիմակի են:
Անցած շաբաթ Բոլսոնարուն ազգին ուղղված ուղերձում բացահայտորեն չի քննադատել տնտեսությանը հարված հասցնող սոցիալական մեկուսացման միջոցառումները, բայց հայտարարել է, որ իր առաքելությունն է կյանքեր փրկելը՝ չմոռանալով աշխատատեղերի մասին:
Վերջին տվյալներով Բրազիլիայում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 18.397 դեպք, մահացել է 974 հիվանդ: