Այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ արտահերթ նիստ է գումարվել։ Քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Դեղերի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծերի փաթեթը։
ԱԺ-ն միաձայն 2-րդ ընթերցմամբ ընդունեց օրենքները։
Փոփոխության համաձայն՝ այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակով պայմանավորված' բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար չեն բավարարում (կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել) համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կարողությունները, ապա կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը' որոշմամբ սահմանված պայմաններով:
Իսկ այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակով պայմանավորված' բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար չեն բավարարում (կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել) համապատասխան բուժաշխատողները, ապա կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել որոշ բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավումն անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը' որոշմամբ սահմանված պայմաններով:
Կառավարությունը հիմնավորման մեջ նշել է․ «2019թ. դեկտեմբեր ամսից սկսած Չինաստանում ի հայտ է եկել կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված վարակ, որի հետեւանքով ամբողջ աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակի հետ կապված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» եւ հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ' վարակի տարածմանը դիմակայելու համար:
«Դեղերի մասին» օրենքով՝ դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգվում է 4 ամսով։ Հաշվի է առնվել, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպումն անհնար է։
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ծավալների մեծացման հետեւանքով անհրաժեշտություն է առաջացել բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման համար իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործման, ինչպես նաեւ այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողների' կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցմանը ներգրավման, ինչն էլ վկայում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին»։