Հայաստանի առողջապահական եւ պետական կառավարման համակարգի ջանքերի բերումով վարակի տարածումը այս պահի դրությամբ շարունակում է մնալ կառավարելի: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծավալված հիվանդանոցային տեղերի մոտավորապես կեսը այս ընթացքում գրեթե միշտ թափուր է եղել: Այս մասին, ուղերձով դիմելով ՀՀ քաղաքացիներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

 

«Սա համաճարակի կառավարման ամենակարեւոր ցուցանիշներից է, որովհետեւ բազմաթիվ զարգացած երկրներում արձանագրվեցին դեպքեր, երբ վարակված եւ բուժման կարիք ունեցող քաղաքացիների համար տեղ չէր գտնվում հիվանդանոցներում: Առնվազն մինչեւ այս պահը մենք արժանապատվորեն ենք դիմակայել համաճարակին եւ ես կրկին ուզում եմ շնորհակալության եւ գնահատանքի խոսքեր ասել մեր բժիշկներին, առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, ովքեր օրնիբուն կանգնած են համաճարակի դեմ պայքարի առաջնագծում՝ շաբաթներով կտրված եւ մեկուսացած լինելով իրենց ընտանիքներից: Շնորհակալ ենք ձեզանից, առողջապահության համակարգի սիրելի աշխատողներ, սիրելի բուժաշխատողներ եւ ծափահարում ենք ձեզ»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նաև հայտնեց, որ այս ընթացքում ոչ մի օր չարձանագրվեց դատարկ խանութների երևույթը, ինչի համար ՀՀ ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկեր պետություններին: