ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե լրատվական դաշտի զգալի մասը նախկինում գումարներ է վերցրել իշխանություններից: Արդյոք Փաշինյանը պատրաստվո՞ւմ է հնչեցնել 99% ԶԼՄ-ների և 70% լրագրողների անունները, որոնք, ըստ նրա հայտարարության, նախկինում գումարներ են վերցրել իշխանություններից, կա՞ն փաստեր և հնարավո՞ր է դրանք վերհանվեն ու տեղափոխվեն իրավական դաշտ՝ այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հետ: «Վարչապետը, եթե հարկ համարի տալ կոնկրետ անուններ, ապա վստահ եղեք, որ դա կանի: Վարչապետի հայտարարությանը ավելացնելու որևէ բան չկա», - ասաց Մանե Գևորգյանը: Դիտարկմանը, թե հենց դա էլ ուզում ենք ճշտել՝ հարկ կհամարի՞, թե՞ ոչ՝ մամուլի քարտուղարը չեզոք պատասխան տվեց. «Եթե և երբ հարկ կհամարի, կիմանանք»: Հետաքրքրվեցինք նաև՝ լինելով ոլորտի ներկայացուցիչներից մեկը, ով աշխատել է տարբեր լրատվամիջոցներում, արդյոք կիսո՞ւմ է վարչապետի կարծիքը՝ ի պատասխան Մանե Գևորգյանն ասաց, որ իր անձնական տեսակետն այժմ չի պատրաստվում բարձրաձայնել: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով լրատվական դաշտի ներկայացուցիչներին, այսպես էր բնորոշել. «Լրատվական դաշտն այժմ կատաղած է, քանի որ նախկինում 99%-ն իշխանությունից փող էր ստանում, իսկ այժմ՝ ոչ: Լրատվական դաշտն ինչպե՞ս է կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել: Այդպես է կառավարվել, իսկ հիմա չի ստանում այդ փողը, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած է, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ, որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ, ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»,- նշել էր Փաշինյանը: Վարչապետի հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների վրդովմունքն է առաջացրել, քանի որ նա, լինելով լրատվական դաշտի ներկայացուցիչ, ով երկար տարիներ աշխատել է որպես լրագրող, խմբագիր, թիրախավորելով ԶԼՄ ներկայացուցիչներին' փորձում է հեղինակազրկել լրագրողի մասնագիտությունը:
Սոնա Հարությունյան