Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք կմատուցեմ համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ դա Արցախի Հանրապետության ընտրված նախագահի իր ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ է համարում:
«Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից միայն յուրահատուկ գնահատական չէ հայ ժողովրդի կրած անասելի զրկանքներին կամ հարգանքի տուրք՝ մեր մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Այն նախ եւ առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է, որի փոխարեն, սակայն, արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության: Բայց Հայ Դատի պահանջը համամարդկային է եւ վաղեմության ժամկետ չունի:
Մեր ժողովրդի հարատեւության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով մեր միասնական հայրենիքը, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում եւ պայմաններ: Սա է իմ եւ մեր տեսլականը:
Հիշում ենք եւ պահանջում»,- գրել է Ա. Հարությունյանը: