Բոլորիս քաջ հայտնի է Հոլոքոստի մասին պատմող ամենազորեղ ֆիլմերից մեկը՝ Սպիլբերգի «Շինդլերի ցուցակը», բայց քչերս գիտենք, որ նման պատմություն տեղի է ունեցել դեռ անցած դարասկզբին ու դրա գլխավոր դերակատարը մեր հայրենակիցն է: Պետական կամերային երաժշտական թատրոնը մեծ նվեր էր պատրաստել իր հանդիսատեսին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Բեմ պետք է բարձրանար «Փրկության հրեշտակը» նոր ներկայացումը, որի հիմքում իրական պատմություն է:
Հայոց ցեղասպանության մասին պատմող բազմաթիվ ստեղծագործությունների կողքին այս մեկն անշուշտ առանձնանալու է, քանի որ պատմում է հայ ժողովրդի ողբերգական ժամանակահատվածի հերոսական կարևոր դրվագի մասին: Այո, այս դեպքում էլ չհուզվել չի լինի, բայց հանդիսատեսը իր հետ կտանի հպարտության մի մեծ զգացմունք, քանի որ հայ ժողովուրդը նման զավակներ է ունեցել: Ներկայացման գաղափարը ծնվել է գերմանացի պատմաբան Հիլմար Կայզերի հեղինակած փաստա-վավերագրական գրքի հիման վրա: Վերջին տարիներին պատմաբանը ուսումնասիրություններ է կատարել թուրքական արխիվներում և բավականին ուշագրավ ու արժեքավոր փաստեր է հավաքագրել պատվելի Հովհաննես Էսքիջյանի մասին: Վերջինիս մասին արված գրառումներն ու պատմությունները բոլորը առանցքային կարմիր թելով են կապված՝ գաղթօջախում Էսքիջյանը եղել է բազմաթիվ կանանց, մանուկների և մտավորականների փրկության հրեշտակը, և անգամ այսօր Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները հիշում ու պատվում են նրան:
«Սա է այդ պատմության հիմքը: Հովհաննես Էսքիջյանը եղել է բավականին ապահովված հայ ընտանիքի ներկայացուցիչ, նրա ծնողները եղել են Ադանայից: Ադանայի ջարդերից հետո նրա ընտանիքը մի կերպ փրկվել ու փախել է Հալեպ, որտեղ նա շարունակել է հայապահպանության ու հայ մանուկներին օգնության իր գործունեությունը, որի մեկնարկը տվել էր դեռ հայրենի Ադանայում: Մեզ հասած վավերագրությունը փաստում է, որ ամեն շաբաթ Էսքիջյանը, իմանալով, թե որ ժամին է առևտրային գնացքը կայանելու Հալեպի կայարանում, որով հայերին տեղափոխում էին դեպի Դեր Զոր անապատ, գալիս էր կայարան ու թուրք զինվորականներից մեկի հետ նախապես պայմանավորվածության արդյունքում կարողանում այս մահվան գնացքից փրկել 10-15 հայ մանուկների: Այդպես շարունակվում է տևական ժամանակ»,- Dalma News-ին պատմեց Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը:
Բայց մի օր ամեն բան փլուզվում է. երեխաներից մեկը, ում Էսքիջյանը փորձում է թուրք զինվորականին վճարելուց հետո փախցնել, հրաժարվում է նրա հետ գնալ: 7-8 տարեկան հայ տղան հրաժարվում է փրկության այդ շանսից, քանի որ մայրը գնացքի մեջ է և հայտարարում՝ առանց մոր որևէ տեղ չի գնա.
«Էսքիջյանը փորձում է երեխային համոզել, որ այս պահին գնա իր հետ, իսկ հետո կգտնեն մայրիկին, բայց ապարդյուն. երեխան սկսում է շատ բարձր լացել, ինչով և գրավում է կայարանում գտնվողների ուշադրությունը: Եվ հարց է առաջանում, թե ի՞նչ գործ ունեն երեխաները դրսում… Էսքիջյանը թողնում է տղային, որ վերջինս վերադառնա գնացք մոր մոտ ու մի կերպ փրկում մյուսներին՝ փախցնելով նրանց տարածքից: Բայց և հասկանում է, որ սա, թերևս, հայ մանուկներին փրկելու իր այս գործունեության վերջի սկիզբն է»:
Թուրքական կառավարությունն այդ դեպքից հետո կենտրոնանում է Էսքիջյանի անձի վրա: Հալեպում էլ, ցավոք, մատնիչներ եղել են թե՛ հայերի, թե՛ արաբների մեջ, և հենց նրանք էլ մատնում են մեծանուն հային: Բայց մինչ նրանք հասկանում են, թե ի՞նչ է կատարվում և ինչո՞վ է զբաղված Էսքիջյանը, և ոստիկանությունը գալիս է, որ ձերբակալի նրան, վերջինս մեկ օր՝ 1916 թ. մարտի 25-ին տիֆից մահացած է լինում: Իսկ տիֆ վարակվում է հենց փրկված երեխաներից մեկից: Նա ընդամենը 34 տարեկան էր…
«Էսքիջյանը իսկապես ահռելի գործ է կատարել` մահվան քարավաններից բառացիորեն հափշտակելով նրանց, ում կարող էր, և նա ու իր տիկինը իրենց տանը կամ այլ թաքստոցներում խնամեցին այդ երեխաներին որքան հնարավոր էր: Ու այս ամենը ի հեճուկս թուրք լրտեսների ցանցերին: Եվ Սիրիայում փրկված ու հաստատված, ինչպես նաև ամբողջ աշխարհով մեկ սփռված այդ երեխաների սերունդները պատմել են Էսքիջյան հայի մասին՝ անվանելով նրան «փրկության հրեշտակ»», – պատմությունն ավարտելով ասաց Հռիփսիմե Առաքելյանը:
Այս պատմությունն է, որ թատրոնի բեմ պետք է բարձրանար ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի նախօրեին, իսկ հետո նաև ներկայացվեր աշխարհասփյուռ հայերին՝ ԱՄՆ-ում, այլ երկրներում: Բայց կորոնավիրուսը հետաձգեց բոլոր այս պլանները.
«Իրականում մենք շատ քիչ գործեր ունենք Հայոց ցեղասպանության մասին, որտեղ պատմվում է հայի հերոսական կերպարի մասին: Իհարկե, ունենք Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» և Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս», որը պատմում է Սողոմոն Թեհլերյանի դատավարության մասին, բայց մնացած բոլոր ստեղծագործությունները լի են ողբերգությամբ ու ցավով: Իսկ հայ ազգը շա՜տ հերոսներ է ունեցել, որոնք անգամ իրենց կյանքն են զոհել Եղեռնի օրերին, բայց նրանց նվիրական ու անձնազոհ աշխատանքի մասին վկայությունները կա՛մ թաղված են թուրքական արխիվներում, կա՛մ կորած: Հովհաննես Էսքիջյանի մասին պատմությունը շատ ոգեկոչող է, և մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդն իմանա, որ բացի մորթվելուց, բացի գլխիկոր լինելուց մենք նաև այսպիսի մարդիկ ենք ունեցել: Ժամանակը, ես վստահ եմ, բոլորին կբացահայտի և այդ հերոսական անունները կշատանան»,- հավելեց մեր զրուցակիցը՝ խոստանալով, որ բնականոն կյանքին վերադառնալուց հետո հանդիսատեսը անպայման կտեսնի ներկայացումը իրենց թատրոնի բեմում:
Լիա Խոջոյան
Նյութի աղբյուր՝ dalma.news