Կառավարությունն իր երեկվա նիստում որոշում կայացրեց սահմանել Հյուսիսային եւ Սեւանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի Արփա-Սեւանով բավական ջուր են տեղափոխել Սեւանա լիճ. «Սեւանից դեռեւս ոչ մի լիտր ջուր չենք վերցրել, բայց մակարդակն ավելի ցածր է, քան անցած եւ նախանցած տարի: Այս օրերին տեղումների հաշվին միգուցե ջուր կլինի, ցուցանիշները կլավանա, բայց այն 4 հիմնական ջրամբարները, որոնք Արարատյան դաշտի համար է օգտագործվում, իրենք այս պահին շատ ավելի ցածր մակարդակի վրա են»: Ամիսներ առաջ Սևանի առաջ ծառացած խնդիրներից խոսեց նաև Ջրային կոմիտեի արդեն նախկին նագախագահը, ով ակնարկեց, որ Սևանից ջուրը մի կողմից շարունակում է հոսել անհասկանալի ուղղությամբ, մյուս կողմից՝ մակարդակը բարձր պահելու հետ խնդիրներ են ի հայտ եկել: Որո՞նք են այդ խնդիրները: Մի կողմից, իհարկե, ՓՀԵԿ-երն են, որոնք պատկանում են որպես կանոն օլիգարխներին և որոնց ջրօգտագործման թույլտվությունները շարունակում են տրամադրվել: Սակայն, այս հարցի մասին շատ է խոսվել՝ կարիք չկա կրկին անրադառնալ, ՓՀԷԿ-երը չարիք են Սևանի համար և վերջ: Կա ևս մեկ խնդիր, որը կապված է Որոտան-Արփա թունելի շահագործման հետ: Որոտան-Արփա հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան լրացուցիչ կտեղափոխվի մինչև 165 մլն մ3 ջուր, որը լճի ջրային հաշվեկշռի մյուս փոփոխականների կայունության պահպանման դեպքում տարեկան կապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում»: Սակայն, այդ հանգույցի գործածումը, որը պաշտոնապես շահագործման է հանձնվել 2004թ.-ին և մեկ օր անգամ ջուր չի տեղափոխել Սևանա լիճ, փաստացի այսօր չի գործում: 3 տարի անց առանց շահագործվելու Որոտան–Արփա թունելը դարձյալ դրվել է շինարարության։ Վերանորոգման ծրագրի համար «Աբու–Դաբի» զարգացման հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ հատկացվել է ավելի քան 18 միլիարդ դրամ, որից 11.8 միլիարդը՝ 3 տոկոս տոկոսադրույքով տրամադրել է «Աբու-Դաբի» հիմնադրամը, 911.790.000 ՀՀ դրամը` կառավարությունը։ Այսինքն՝ վերանորոգման անվան տակ դուրս գրված գումարները նպատակին չեն ծառայել և հասկանալի չէ, թե ում գրպանն են գնացել, արդյունքում՝ այսօր Սևանը գրանցում է բացասական հաշվեկշիռ: Անգամ կարծիքներ են հնչում, որ թունել-ջրատարը չի գործարկվում՝ ապահովելու համար Տաթեւի ՀԷԿ-ի հզորությունները/շահույթը: Չնայած նրան, որ հանրային գիտաուսումնական տարբեր հարթակներ և կողմեր հստակ մատնանշում են, որ կենսական և ռազմավարական բարձր նշանակություն ունեցող սույն թունելը լիովին պատրաստ է շահագործման և կարող է ապահովել Սևանա լճին այդքան անհրաժեշտ ջրով, այնուհանդերձ, ըստ էության, առկա են անհասկանալի թաքնված կողմեր, որոնց պատճառով որևէ կերպ ընթացք չի տրվում այդ հարցին;