Կորոնավիրուսի (Covid19) համաճարակի հետևանքով, Իսպանիայում տիրող արտակարգ դրության պատճառով՝ այս տարի Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման՝ նախապես ծրագրված միջոցառումները փոփոխության ենթարկվեցին և իրականացվեցին առցանց։ Ճգնաժամը չէր կարող ստիպել, որ մոռանանք, չոգեկոչենք և չպահանջենք անհերքելին։ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման համար նախատեսված միջոցառումները մեկնարկեցին ապրիլի 24-ին, ժամը 21։00-ին, մոմավառությամբ՝ բնակարաններում, փողոցներում, այնուհետև սկսվեց լուսանկարների և տեսահոլովակների առցանց արշավ։ Ծրագրերին իրենց մասնակցությունն են ունեցել հանրահայտ ջութակահար, Իսպանիայում հաստատված Արա Մալիքյանը, ինչպես նաև այլ արվեստագետներ, գիտնականներ, գործարարներ, լրագրողներ, մտավորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և հասարակական ակտիվիստներ։ Իսկ ահա հայազգի բարերար Արման Մայիլյանի նախաձեռնությամբ պատարագ մատուցվեց Բարսելոնայի Սանտա Մարիա Ռեինա եկեղեցում, եպիսկոպոս Մոնս Խաոմե Գոնսալեսի օրհնությամբ: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Իսպանիայում գործող հայկական կազմակերպությունները ստեղծել էին ֆեյսբուքյան էջ և համապատասխան հեշթեգով՝ #MemoriayJusticia1915 կոչ էին արել Իսպանիայում հաստատված հայերին և մեր օտարազգի բարեկամներին, համախոհներին միանալ նախատեսված ֆլեշմոբերին՝ պահպանելով կազակերպչական ցուցումները։ Հիշում ենք և պահանջում: