«Մուլտի Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրում են 20 միլիոն դոլար փոխառության տոկոսները չստանալու մեջ և ենթադրում, որ այդ գումարը կաշառք է տվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը: «Դեռևս 2009-2011թթ.-ին Սեդրակ Առուստամյանը փոխառության պայմանագրով տոկոսով գումար է տվել 2 անձի՝ տարեկան 4% տոկոսադրույքով: Այժմ Առուստամյանին մեղադրում են տարիների ընթացքում իր գումարը չստանալու մեջ՝ ենթադրելով՝ ուրեմն կաշառք է տվել: Սակայն պայմանագրերն առկա են և մինչ օրս ունեն իրավական ուժ, այնտեղ նշված է, որ այդ տարիների ընթացքոմ պայմանագրերի ժամկետները 2 անգամ երկարացվել են և նա սպասում է իր գումարին»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով՝ մեղադրանքն անհիմն է, քանի որ չկան փաստական և իրավական հիմքեր: Ավելի վաղ, Հովիկ Սուքիասյանը մեզ հայտնել էր, որ Սեդրակ Առուստամյանը ցուցմունք է տվել և չի ընդունել մեղադրանքը: Նա նաև նշել էր, որ իր պաշտպանյալին մեղադրում են գրավոր պայմանագրով մեկ այլ անձի փոխառություն տալու և տոկոսները չստանալու մեջ: Նշենք, որ Սեդրակ Առուստամյանը ապրիլի 23-ին հրավիրվել էր հարցաքննության վկայի կարգավիճակով՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում, ապա ձերբակալվել: Այնուհետև ապրիլի 25-ին կայացած դատական նիստին Առուստամյանին կալանավորելու որոշում էր կայացվել:

Սոնա Հարությունյան