Նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին ոստիկանության Իջևանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։

Թալանել էին Իջևանի Մետաղագործների փողոցի տներից մեկը՝ ննջասենյակից գողանալով շուրջ 1 միլիոն դրամի զարդեր։ Զարդերը գողանալուց հետո հրկիզել էին տունը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 15 միլիոն դրամի վնաս։

Դեպքի փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Իջևանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության ծառայողների հետ, սկսեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել։

Հրկիզման հետևանքով հետքերը վերացել էին, ինչը բավական դժվարացրեց քրեական հետախույզների աշխատանքը։ Իրավապահները ցանկալի արդյունքի հասան ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ։ Նրանց տեսադաշտում հայտնվեց տուժողի հարևանը։ 33-ամյա տղամարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։