Տավուշի մարզպետարանը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով այսօր մարզում բնակիչների՝ ճանապարհ փակելու դեպքին.

«Հարգելի՛ տավուշցիներ,

Խաշթառակ համայնքի բնակիչ Սամվել Մատինյանին պատկանող հանգստի գոտու հեղեղման հետ կապված հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը՝

Սամվել Մատինյանի և «Կոկ Սիստեմ» ՍՊԸ-ի միջև առաջացած հողային և քաղաքաշինական վեճի վերաբերյալ 2019 թ. մայիս ամսին մարզպետարանի նախաձեռնությամբ իրականացվել է ուսումնասիրություն։ Նախնական եզրակացությամբ իրականացված կառուցապատման աշխատանքների ժամանակ երկուստեք թույլ են տրվել խախտումներ: Արդյունքների հիման վրա ՀՀ Դատախազությունում ընթանում է նախաքննություն։

Դատապարտում ենք իրականության խեղաթյուրման ցանկացած նախաձեռնություն, այն համարում քայքայիչ գործունեություն ՀՀ պետականության և քաղաքացու հանդեպ։

Աղստև գետի վարարումն աննախադեպ է 1998 թ.-ից սկսած, և նմանատիպ իրավիճակներ առկա են նաև այլ վայրերում։

Խնդրում ենք պահպանել առավելագույն զգուշություն։

Առողջություն ենք մաղթում բոլորին։

Հ.Գ. Միջպետական ճանապարհի երթեւեկությունը խաթարվել է առավելագույնը 5 րոպեով (ոչ թե 1 ժամով), մեղավորները կենթարկվեն պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզում ի նշան նախկին պատգամավորի դեմ բողոքի՝ բնակիչները փակել են ճանապարհները:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են. «Տևական ժամանակ է, պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները վերջ դնեն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից Աղստև գետի հերն անիծելու գործին: Մարդ ինչքան պետք է անկուշտ ու ագահ լինի, որ բնության հերն անիծի, ինչ է, թե մի քանի կոպեկ ավել փող տանի: ՀԷԿ ես կառուցել, լավ ես արել բայց ինչի՞ բնակիչների, գյուղացիների ու բնության հաշվին: Բազմիցս դիմել ենք իրավասու մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Այսօր ստիպված ենք փակել ճանապարհը, որովհետև տեսնում եք, թե Խ. Քոքոբելյանի շնորհիվ ինչպես է Աղստև գետը լցվում «Գետափ» հանգստյան գոտու տարածք՝ ողողելով անգամ շենք-շինություններն ու խաղահրապարակները»: