Կա մի հարց, որում նոր Հայաստանի պաշտոնյաները որևէ կերպ հետ չեն մնում իրենց նախորդներից: Դա դատական հայցերի տարափն է, որը վերջին ամիսներին, եթե չասենք՝ վերջին մեկ տարվա ընթացքում, թափվում է թավշյա պաշտոնյաների վրա: Ընդ որում, բարձրաստիճան պաշտոնյաներին դատի են տալիս թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ իրավաբանական անձինք: Դատական հայցերի առատությունը մի կողմից խոսում է այն մասին, որ առնվազն կա հնարավորություն, լծակ, որի միջոցով քաղաքացիները կարող են պետական մարմինների ներկայացուցիչների հետ լուծել իրենց հարցերը, մյուս կողմից՝ սա վկայում է այն նույն պետական մարմինների կողմից փնթի աշխատելու և ապօրինի որոշումներ կայացնելու, տարատեսակ խախտումներ անելու մասին:
Դիցուք՝ Հայկ Հարությունյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի նախարար Ռուստամ Բադասյանին ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանի, Վ. Ավանեսյանի, Մամիկոն Դրմեյանի, Երվանդ Խունդկարյանի, Գոռ Հակոբյանի եւ Նախշուն Տավարացյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշում կայացնել կամ կարգապահական վարույթ չհարուցելու մասին հիմնավորումները ներկայացնել:
«Երևանի պաշտպանության ճակատը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին, քանի որ քաղաքապետարանը հրաժարվել է տրամադրել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագիրը:
Քաղաքացի Հայկ Բադալյանը պահանջում է, որ դատարանը ստիպի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին անվավեր ճանաչել 2019 թվականի ապրիլի 10-ի կարգադրությունը՝ Արամայիս Գրիգորյանին «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն նշանակելու որոշումը; Հայցվորը նաեւ պահանջում է լուծել Արամայիս Գրիգորյանի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը: Նույն օրը ՀՀ վարչական դատարան է դիմել Նունե Մարտիկյանը եւ պահանջում է, որ դատարանը կրկին ստիպի մարզպետին «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթն անվավեր ճանաչել եւ այն վերացնել:
«Աբովյանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախկին նախագահ Հերմինե Ադամյանը դիմել է ՀՀ Վարչական դատարան' վիճարկելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործողությունները եւ պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնին:
Ջերմուկի 19 քաղաքացիներ դատի են տվել ՀՀ շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին՝ նոր ի հայտ եկած էկոլոգիական հանգամանքների հիմքով։ Գործով երրորդ անձ է ներգրավվել ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Հայցը ներկայացվել է ՀՀ Վարչական դատարան: Հայցվորները խնդրել են դատարանին պարտավորեցնել Շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը:
ՀՀ քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Քաղաքացու պահանջն է Նիկոլ Փաշինյանին ստախոս ճանաչելը, ինչպես նաեւ ներողություն խնդրելը եւ բարոյական վնասի փոխհատուցումը: Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժել է քաղաքացու միջնորդությունը, քանի որ հայցը ներկայացված է թերություններով: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ մայիսի երկուսին քաղաքացին կրկին նույն պահանջով նոր հայց է ներկայացրել, որը մայիսի երեքին կրկին մերժվել է: Նիկոլ Փաշինյանին դատի է տվել նաև Ռոբերտ Քոչարյանը, Կոնստանտին Օրբելյանը, Հրայր Թովմասյանը: Կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պիտի վիճարկի Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի արձակած հրամանի իրավաչափությունը: Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ. նա ցանկանում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, և, որ իրեն փոխհատուցեն ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:
Էջմիածնի քաղաքապետարանի դիմաց գտնվող սրճարանը շահագործողը դատական հայց էր ներկայացրել քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ՝ պահանջելով պարտավորեցնել վերջինիս ներողություն խնդրել վիրավորանքի համար և հերքել զրպարտություն համարվող տվյալները: Քաղաքապետ Դիանա Գասպարյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ սրճարանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի մերձավորներին է պատկանում:
Քաղաքացի Նելսոն Ստեփանյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ աշխատակազմի' պահանջելով, որ դատարանը ստիպի ԱԺ աշխատակազմին օրենքով սահմանված կարգով եւ չափով լրիվ վերջնահաշվարկ կատարել: Ըստ էության, աշխատակիցները դուրս են եկել, եւ նրանց վերջնահաշվարկ չի տրվել, եւ հիմա դատարանի միջոցով են փորձում վերականգնել իրենց իրավունքները:
ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը դատի էր տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ վիճարկելով իրեն աշխատանքից ազատելը: Արսեն Թորոսյանի դեմ հայց էր ներկայացրել նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Սրանք Նոր Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների դեմ ներկայացրած հայցերի մի փոքր մասն են ընդամենը, սակայն անգամ այս օրինակներից հասկանալի է դառնում, թե ինչ վիճակում է կառավարչական ապարատը, ինչպիսի որոշումներ են կայացվում թավշյա պաշտոնյաների կողմից և ինչպես են դրանք բողոքարկվում դատական կարգով: