Մայիսի 16-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամլո ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին արցախա-ադրբեջանական հակամարտության թեմայով։ Ի՞նչ հիմնական շեշտադրումներ արեց Փաշինյանն այդ ասուլիսում.

 

Կրկին հարց հնչեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ, երբ նա նշել էր, որ կողմերը բանակցային սեղանին հակամարտության լուծման փուլային տարբերակն են քննարկում։ Փաշինյանը կրկին ընդգծեց՝ հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձեւավորվել, իսկ հին փաստաթղթի շուրջ Հայաստանը հրաժարվել է բանակցել։ 


Գալով Լավրովի՝ «բանակցային սեղանին փուլային տարբերակ է քննարկվում» գնահատականին, Փաշինյանը հավելեց. «Այդ մեկնաբանություններն անելիս պետք է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն օգտակար չի համարում: Այդ մեկնաբանություններ անողներն այս փաստը չե՞ն տեսել: Արդեն իմ նշածը խոսում է այն մասին, որ այն ձեւակերպումը, որ դրված էր հարցի մեջ, առնվազն չի համապատասխանում իրականությանը»: Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարկման ընթացքում ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը, ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները կիսում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված հայտարարությունը ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ, ասել էր. «Ես չեմ մեկնաբանելու Ռուսաստանի արտգործնախարարին, ասեմ միայն, որ նա վերջերս արել է մի շարք ոչ օգտակար հայտարարություններ, այդ թվում՝ Դոնբասի իրավիճակի վերաբերյալ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Ասեմ միայն, որ Միացյալ Նահանգները խորը ներգրավված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության ընթացքն ապահովելու գործում»: 


Ըստ էության, Քենթը չի հերքել, որ բանակցությունների օրակարգում հենց փուլային փաթեթն է: Քենթի արձագանքը առավելապես կարելի է համարել վրդովմունք, որ ՌԴ-ն փորձում է բանակցություններում դոմինանտի դիրքերից հանդես գալ և սլիվներ է անում: Այն, որ այս եզրակացությունը ճիշտ է, հաստատեց նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին: Դեսպանը, ով հազվադեպ է հանդես գալիս հրապարակային հայտարարություններով, երեկ նշել է, որ ԼՂՀ համակարտության կարգավորման հարցում շեշտը դրվում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու խնդրի լուծման վրա: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան փուլային փաթեթի փուլերից մեկը: Այսպիսով, Փաշինյանը ասուլիսի ժամանակ փորձել է ստանալ ԱՄՆ աջակցությունը՝ հղում անելով Քենթի հայտարարության վրա, ինչն էլ առաջացրել է դեսպանի մեկնաբանության կարիքը, որի հասցեատերը առավելապես հենց Նիկոլ Փաշինյանն էր: ԱՄՆ-ն հասկացնում է վարչապետին, որ սահմանված են խաղի կանոններ և իրենց նկատում են այդ կանոններից թռչելու Փաշինյանի բոլոր փորձերը: Փաշինյանին տրված ժամանակը ըստ էության սպառվում է, հատկապես, որ Արցախում արդեն իսկ ավարտվել են հետընտրական զարգացումները և ի դեմս Արայիկ Հարությունյանի՝ Փաշինյանը Արցախում ունի իրեն ամբողջությամբ լոյալ իշխանություն….