ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր՝ մայիսի 23-ին, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախագիծ՝ առաջարկելով արտակարգ դրության իրավիճակում 3 ամսով վարկային արձակուրդ տրամադրել և տոկոսները չհաշվարկել: «Առկա իրավիճակը խնդիրներ է առաջացրել վարկառուների համար: Սա քաղաքական դիրքորոշում է և արտակարգ դրության պայմաններում սոցիալ-տնտեսական կոնյուկտուրայից բխելով անհրաժեշտություն եմ տեսնում բացառապես պաշտպանելու քաղաքացու շահերը: Ցրտահարության ժամանակ ավելի շատ վնասի ենթակա են արագիլնե՞րը, թե՞ գայլերը: Ես գտնում եմ, որ մեր վարկառուներն արագիլների կարգավիճակում են, իսկ բանկերը՝ գայլերի»,- օրինակ բերեց Ուրիխանյանը: Նշենք, որ Ուրիխանյանի ներկայացրած նախագիծը տապալվեց միայն այն պատճառով, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները բացակայում էին նիստից (հայտնի է, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ԼՀԿ-ն բոյկոտում է նիստերը և չի մասնակցում դրանց): Ինչ վերաբերում է «Իմ Քայլը» դաշինքին, ապա իշխանական ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումը հայտնեցին 4 ձեռնպահ, 2 դեմ քվեարկությամբ: Սակայն նկատենք, որ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի ներկա լինելու դեպքում պատկերը բոլորովին այլ կլիներ: Այսպիսով, չնայած վարկերի սառեցման վերաբերյալ ամբիոններից հոխորտալուն՝ որոշում կայացնելու կարևորագույն պահին թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը նախագիծը տանում են տապալման: