Երեկ տարածված տեղեկության համաձայն՝ Ռուսաստանը և Վրաստանը համաձայնության են եկել՝ վերջինիս համար ռուսական գազի գինը 15 տոկոսով էժանացնելու հարցում: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա հիշեցնենք, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի հարցում դեռևս ոչինչ պարզ չէ, թերևս բացի մեկ հանգամանքից՝ այն դժվար թե էժանանա, շատ ավելի հավանական է, որ գազի գինը Հայաստանի համար թանկանա շուրջ 36 տոկոսով:

 

Ռուսական կողմի նման քաղաքականության պատճառը դժվար չէ կռահել. դա վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ակտիվացած ռևերանսներն են արևմուտքի հանդեպ: Սակայն, Փաշինյանն ինքնին այլ տարբերակ պարզապես չունի: Գաղտնիք չէ, որ ցանկացած իշխանություն պահելու համար գումար է անհրաժեշտ. այն, որ ռուսական կողմը չի պատրաստվում Փաշինյանի իշխանությանը ֆինանսապես օժանդակել, պարզ  է դարձել դեռ մեկ ու կես տարի առաջ: Ի՞նչ է մնում Փաշինյանին, եթե ոչ դիմել արևմուտքի օգնությանը, սակայն այստեղ էլ փաստենք, որ արևմուտքի ֆինանսական օժանդակությունը ունի իր գինը՝ վավերացվող տարատեսակ կոնվենցիաների տեսքով, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից և լայն ու բացասական ռեզոնանսի են արժանանում: Բնական է, որ այդ ռևերանսները նկատում է նաև Կրեմլը, հետևաբար անչափ տրամաբանական է, որ գործի էր դրվելու գազային մահակը:

Սակայն, մահակը գործի դնելու պատճառները չեն սահմանափակվում միայն Փաշինյանի պրո-արևմտյան ռևերանսներով: Վերջին շրջանում պարզ դարձավ, որ Ղարաբաղյան բանակցությունների այս փուլում համանախագահ երկրների դիրքորոշումները իրարից գրեթե չեն տարբերվում, հատկապես այն հարցում, որը վերաբերվում է այսպես կոչված՝ փուլային տարբերակին: ԱՄՆ դեսպանը արդեն իսկ ակնարկել է, որ Փաշինյանը պետք է արագացնի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործընթացը, ԵՄ-ն նույնպես ոչ միանշանակ մեսիջներ է ուղարկում հայկական կողմին՝ վերջին շրջանում որդեգրելով պրո-ադրբեջանական կեցվածք, իսկ ՌԴ-ն դիմում է փորձված տարբերակին՝ գազային մահակին: Սա թերևս ամենաարդյունավետ տարբերակն է ստիպելու Փաշինյանին կատարել պայմանավորվածությունները: Հասկանալի է, որ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում գազի գնի թանկացումը հանգեցնելու է շղթայական թանկացման և էլ ավելի բարդ դրության մեջ է դնելու Նիկոլ Փաշինյանին, ում դիրքերը օր-օրի թուլանում են: Այդ հանգամանքը նույնպես հաշվարկված է, այնպես որ կարող ենք փաստել, որ Փաշինյանի անհեռանկար արտաքին քաղաքականությունը վերջինիս դրել է իրապես պատային իրավիճակում...