Շվեդիայի պետական գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելն արդեն մի քանի անգամ է, ինչ սպառնալիքներ պարունակող նամակներ է ստանում: Այժմ հատուկ ոստիկանական խումբը փորձում է գտնել հանցագործներին, որոնք հայտնել են նամակներում, որ պատրաստվում են հարձակում գործել համաճարակաբանի ընտանիքի անդամների ու հարազատների վրա: «Ես այնքան էլ չեմ անհանգստանում սպառնալիքից, սակայն այն ավելի լուրջ բնույթ է ստանում, երբ վերաբերում է իմ ընտանիքին»,- հայտնել է Թեգնելը ոստիկանությանը:

Շվեդական հասարակության մեջ սուր տարաձայնություններ կան Շվեդիայի՝ ի սկզբանե որդեգրած քաղաքականությանը կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ: Պարզվում է՝ Անդերս Թեգնելին և նրա ընտանիքին սպառնում են հենց դժգոհ քաղաքացիները:

Մարտի 19-ին Թեգնելն անհայտ անձից էլեկտրոնային նամակ է ստացել, որտեղ նշվում էր, որ այդ անձին հայտնի է մարդկանց մի խմբի մասին, որոնք որոշել են «չեզոքացնել» համաճարակաբանին:

«Որքանով որ ինձ հայտնի է, չափազանց վտանգավոր և վճռական մարդկանց մի խումբ, որոնք ապրում են արևմտյան ափին, որոշել են չեզոքացնել ձեզ»,- նշվում է էլեկտրոնային նամակում։

Սակայն դա միակ նախազգուշացումը չի եղել, որը ստացել է Թեգնելը: Նա և իր հարազատներն իրենց իրական փոստարկղերում սպառնալիքներ պարունակող բազմաթիվ նամակներ են արդեն գտել:

Ժողովրդավարության և ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարով զբաղվող ոստիկանական խումբն արդեն զբաղվում է Թեգնելին ուղղված սպանալիքներով: Սակայն դեռևս չեն գտել հանցագործների հետքերը: Պատճառն այն է, որ էլեկտրոնային նամակներն ուղարկվել են ժամանակավոր էլեկտրոնային հասցեներից, իսկ թղթային նամակների վրա չեն հայտնաբերվել մատնահետքեր կամ այլ հետքեր:

Քրիստինա Ֆորշգրենը՝ Ստոկհոլմի ոստիկանության ժողովրդավարության և ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարով զբաղվող խմբի ղեկավարը, անձամբ է մասնակցել հետաքննությանը։

«Սկզբում մենք ակտիվ հետաքննություն էինք իրականացնում և ցանկանում էին ամեն գնով հայտնաբերել հանցագործներին կամ նրանից գոնե մեկին: Պետական ծառայողների դեմ սպառնալիքներին ոստիկանությունը շատ լուրջ է վերաբերվում: Սակայն այժմ եկել ենք եզրահանգման, որ ուղարկված սպառնալիքները չունեն քրական բնույթ և չեն պարունակում համապատասխան հանցակազմ»,- հայտնել է նա: