Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ԿԳՄՍ փոխնախարար դառնալու ցանկություն չունի: Նա գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ հերքելով իրեն ուղղված մի քանի մեղադարքներ, այդ թվում՝ փոխնախարար դառնալու ցանկության մասին: Նշել է, որ ժամանակին իրեն առաջարկվել է այդ պաշտոնը, սակայն ինքը մերժել է:
«Հիմնավորումներով խոսում ես ոլորտային բացթողումների, սխալների մասին, մամուլը (որոշները...) սկսում են դրանում պարտադիր այլ բաներ որոնել, այսինքն՝ զուտ սրտացավություն եւ գործին նվիրվածություն հնարավոր չէ, պարտադիր պետք է անձնական շահ ունենաս:
Վերջին 2 օրվա ընթացքում այդ թեմայով այնքան ենթադրություններ, ասեկոսեներ եւ նյութեր հայտնվեցին, որ նպատակահարմար գտա պարզաբանել դրանցից գոնե տեսականորեն քիչ թե շատ հնարավորները))
ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ։ Երբեք դրան ուղղված ոչ մի քայլ չեմ արել եւ չեմ պատրաստվում անել, ավելին՝ երբ ժամանակին առաջարկվել է, ինքս հրաժարվել եմ։
Ընտանիքիս ո՛չ մի անդամի, ո՛չ մի բարեկամի պետական որեւէ կառույցում գործի տեղավորելու համար որեւէ մեկին դիմած/խնդրած չկամ։ Եթե նման մարդ կա, թող հենց այս գրառման տակ նշի անունը։
Ավելին՝ պետական կառույցում աշխատող ոչ մի բարեկամ չունեմ:
Լեւոն Ջուլֆալակյանի աշխատանքի մասով էլ (քաղաքապետարան) դժվար հայտնվի բանականությամբ օժտված գեթ մեկ մարդ, որը մտածի՝ նրա՝ գործի անցնելու համար պետք է մարդկանց խնդրել...
Չգիտեմ, թե այդ ինչ սեւ ցուցակ է, որտեղից է հայտնվել, եւ ինչ սկզբունքով է կազմել «Հրապարակը», բայց կարծում եմ՝ վատ խումբ չի ձեւավորվել, արժե՝ առաջիկա ազատ օրերին այդքանովս գնանք, օրինակ, սուրճ խմելու, որ գոնե ինչ-որ հիմք առաջանա գրածի տակ: ))
Հ.Գ. առաջարկում եմ՝ նշված հերյուրանքների փոխարեն զբաղվեք բարձրացրածս խնդիրների լուսաբանմամբ։ Եթե կարողանանք նույնիսկ դրանց մի մասը լուծել, կշահեն շատ-շատերը։ Չնայած գրեթե վստահ եմ՝ նշածս թեմաները հեղինակած կայքերը դժվար թե նույնիսկ այս գրառումս տարածեն: ) Առողջ ոչ աշխատանքային օրեր եմ ցանկանում բոլորիս»,- գրել է նա: