Մեր կյանքում ոչինչ չի փոխվել… Մեզ համար սա կյանքի ժամանակավոր փուլ է, ընկալում ենք որպես մեր հայրիկի աշխատանք: Մեր ընտանիքի երազանքն է վերադառնալ մեր բնակարան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է վաչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Հարցին, թե ինչպես է իր երեխաներին պաշտպանում մեդիաբուլինգից՝ Աննա Հակոբյանը պատասխանեց, որ նրանց այս վիճակին նախապատրաստել է շատ վաղուց, երբ նրանց հայրը մուտք է գործել քաղաքականություն: «Քաղաքական գործիչը և նրա ընտանիքը պետք է պատրաստ լինեն այդ երևույթին, որն առկա է ամբողջ աշխարհում: Եթե դու և քո ընտանիքը այնքան ուժ չունեք, որ դրան դիմակայեք, ավելի լավ է այլ մասնագիտություն և այլ զբաղմունք գտնել: Իմ մոտեցումը սա է, և մեր երեխաներն այդպես են մեծացել, կարծում եմ՝ հիմա նրանց պաշտպանելու հարց չունեմ: Տասնյակ տարիներ մեր ընտանիքը նման հարվածներ ստացել է: Երեխաների մտահոգությունն ավելի շատ իրենց հայրիկն է, նրանք ավելի ծանր են տանում, երբ իրենց հայրիկի հանդեպ է անարդար բան ասվում, քան իրենց, բայց իրենք, որպես քաղաքական գործչի երեխաներ, պատրաստված են դրան: Իդեալական կլիներ, եթե մարդիկ զատեին ընտանիքին, հատկապես երեխաներին: Երբ որ մենք էինք ընդդիմություն, որպես թերթի ղեկավար, երբևէ երեխաները կամ նման նուրբ թեմաները չենք դարձրել գործոն տվյալ մարդուն հարվածելու համար»,- ասել է Հակոբյանը: