Ոստիկանության հետ վիճաբանությունից հետո 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը բողոքի ցույցերի առիթ է դարձել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ուրիշ երկրներում:

 

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում ռասիզմի դեմ ցույցեր են կազմակերպվել մի քանի քաղաքներում: Լոնդոնցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելով ռասիզմի և ԱՄՆ-ում ոստիկանության բռնի գործողությունների դեմ: Ցուցարարները հավաքվել են Թրաֆալգարի հրապարակում և Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան շենքի առջև:

Ակցիան ընդհանուր առմամբ խաղաղ բնույթ է կրել, սակայն ոստիկանությունը 23 մարդու է ձերբակալել, քանի որ նրանցից մի քանիսը խախտել են կորոնավիրուսի հետ կապված կանոնները, մի քանիսն էլ վիրավորել են ոստիկաններին:

Նման ակցիաներ են կազմակերպվել նաև Մանչեստերում և Քարդիֆում, որտեղ փողոց է դուրս եկել մի քանի հարյուր մարդ:

Գործակալությունը հաղորդում է, որ Բեռլինում նույնպես բազմաթիվ ցուցարարներ հավաքվել են ԱՄՆ դեսպանատան շենքի առջև՝ իրենց բողոքն արտահայտելով տեղի ունեցածի դեմ:

Նոր Զելանդիայում հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել՝ վանկարկելով «սևամորթների կյանքը նշանակություն ունի»:

 

Հիշեցնենք՝ մայիսի 25-ին Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ոստիկանության հետ վիճաբանությունից հետո մահացել էր 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը: Ոստիկաններից մեկը՝ Դերեկ Չովինը, գետնին էր գցել անզեն տղամարդուն և գրեթե 9 րոպե ծնկով սեղմել նրա պարանոցը: Ֆլոյդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ քիչ անց մահացել էր:

Միջադեպի մասնակից 4 ոստիկանները ազատվել են աշխատանքից, իսկ Ֆլոյդի մահվան մեջ մեղավոր ոստիկանը ձերբակալվել է մարդասպանության մեղադրանքով:

Ֆլոյդի մահվանից հետո ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր են կազմակերպվում, որոնք ուղեկցվում են անկարգություններով և իրավապահների հետ բախումներով: