Երեկ անակնկալ կերպով աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Վերջինս աշխատանքից ազատվելու պատճառների մասին հրապարակավ ոչինչ չհայտնեց` բավարարվելով միայն շնորհակալությունով՝ ավելի քան 2 տարի այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: Այս հանգամանքը հարցեր առաջացրեց՝ Անանյա՞նն է ցանկություն հայտնել հեռանալ, թե՞ վարչապետն է այդպես որոշել։ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով, երկուշաբթի օրը պարետատանը կայացած նիստի ընթացքում քննարկվել են հետագա անելիքները համաճարակի պայմաններում ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար, որն անհամաձայնություն է առաջացրել Անանյանի և կառավարության մյուս անդամների միջև: Մասնավորապես, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկել է 2 շաբաթով խստորեն lockdown անել բոլորին և «նստեցնել տանը», սակայն Դավիթ Անանյանը հակադարձել է՝ եթե այդպիսի որոշում կայացնեն, իրենից չպահանջեն հարկեր հավաքել, քանի որ մշտապես պատրաստակամորեն հարկ վճարողներն անգամ այլևս չեն կարողանում հարկեր մուծել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: Անանյանն ընդգծել է նաև, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն խնդիր է առողջապահական ոլորտի համար, այլև տնտեսական, հետևաբար նման որոշում ընդունելու հետևանքով տնտեսությունը գահավիժելու է և չենք կարողանալու հաղթահարել տնտեսական ճգնաժամը, ինչը բերելու է ցուցանիշների զրոյացման: Նկատենք, որ խոսակցությունն ընթացել  է վիճաբանության մթնոլորտում: Չնայած Անանյանի կողմից հնչեցված պատճառաբանություններին՝ կառավարությունը մնացել է անքակտելի և հակվածություն է եղել փակել երկիրը: Անանյանն էլ դեմ գնալով կառավարությանը՝ հրաժարվել է աշխատել նման պայմաններում ու ազատման դիմում է գրել: