Մեր երկրում օր օրի ավելացող Covid19-ով վարակվողների թիվն ավելի քան խոսուն է: ՀՀ կառավարությունն ամբողջ պատասխանատվությունը թողնում է քաղաքացիների անձնական գիտակցության վրա: Վերջին օրերին էլ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում շատ ակտիվ տեղադրում է քաղաքացիների լուսանկարներ, որոնք խախտում են սահմանված կարգը: Վարչապետի նման քայլերը թերևս կարող ենք որակել որպես կանխարգելիչ միջոցառումներ: Իսկ ի՞նչ անեն այն մարդիկ, որոնք արդեն իսկ վարակվել են կորոնավիրուսով, ի՞նչ ուղեցույցներ կան այդ մարդկանց և նրանց ընտանիքի անդամների համար: 
 
Հասարակությանն այս հարցերը սկսեցին մտահոգել այն ժամանակ, երբ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ թեթև կամ առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունն իրականացնելու են տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում:
 
Անկասկած, նախարարին ուղղված հարցերը քիչ չեն:
 
Օրինակ՝
 
Ինչպե՞ս տան պայմաններում հոգալ հիվանդի մասին, որպեսզի խնամողը չվարակվի,
 
Հիվանդության ո՞ր աստիճանի դեպքում դիմել բժշկի և հուսալ, որ կարձագանքեն,
 
Ի՞նչ ուտել, խմել,
 
Կա՞ն արդյոք դեղեր, որոնք հնարավոր է օգտագործել տնային պայմաններում՝ վիճակը մասամբ թեթևացնելու համար, որոնք են դրանք:
 
Կարճ ասած, տվե՛ք ուղեցույցներ, դիմակ կրել կամ չկրելու հարցում արդեն ուշացած ենք, ունեցեք ռազմավարություն այս կետից սկսած՝ ինչպես պետք է պայքարենք հիվանդության դեմ, եթե արդեն վարակված ենք, թեկուզ ասիմպտոմ: Դարի հարցը դարձած դիմակը թեման այլևս ժամանակավրեպ է, մտածեք հաջորդ քայլերի մասին: