Վարչապետի ֆեյսբուքյան էջում հերթական անգամ հայտնվել է չճշտված տեղեկատվություն, որին կից ներկայացվում է հին լուսանկար: Փաշինյանը «Արմենիա Պլանետ Տուր» ներգնա զբոսաշրջային ընկերության ֆեյսբուքյան էջից վերցրել է լուսանկար, որում մեծ խմբով պատանիներ Նորավանք եկեղեցու մոտ են՝ առանց դիմակների և առանց սոցիալական հեռավորությունը պահպանելու: Պատանիներին քննադատող մեկնաբանություններից բացի, վարչապետի հրապարակումը մեկնաբանել է նաև հենց տուրիստական ընկերությունը:

 
 
 

«Պարո՛ն Նիկոլ Փաշինյան, նկարն արված է 2013 թ-ին: Լավ կլիներ ինֆորմացիան ճշտել, հետո նոր տեղադրել: Պահանջում ենք հեռացնել այս հաղորդագրությունը»,- գրել է ընկերությունը: 

Նշենք, որ Հանրային վերահսկողության՝ վարչապետի ակցիայի ընթացքում սա առաջին սխալ տեղեկատվությունը չէ: Նա հրապարակել և հետո հեռացրել է ևս երկու լուսանկար: Փաշինյանի պնդմամբ, իրականացվող ակցիան պատժիչ գործողություն չէ, այլ՝ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու եւ մեր խնդիրները միասին հաղթահարելու միջոց: