Վերջին օրերին վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է քաղաքացիների լուսանկարներ, ովքեր խախտում են սահմանված կարգը: Թե որքանով է անձնական տվյալների և լուսանկարների հրապարակումը համարվում մարդու իրավունքների խախտում և ինչ հետևանքներ սա կարող է ունենալ՝ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանից:
«Սա մարդկանց անհատական թիրախավորում է, քանի որ մարդկանց անարգելը, ծաղրուծանակի ենթարկելը մարդու իրավուքների տեսանկյունից անընդունելի է: Երևույթը, անհատական տվյալների պաշտպանության տեսակյունից, ևս խոցելի է: Բայց, կարծես թե, այդ երևույթը մի քանի օր շարունակվում է»,-ասաց նա:
Հովհաննիսյանն առանձնացրեց մեկ հրապարակում, երբ լուսանկարում երիտասարդ աղջիկ էր. «Այդ հրապարակման մեջ թիրախավորված էր մի աղջիկ, և նկարի մեկնաբանություններում կային վիրավորական, նվաստացնող, ինչպես նաև ցենզուրայից դուրս արտահայտություններ: Կարծում եմ՝ հատկապես առաջին դեմքի մակարդակով նմանատիպ երևույթների խրախուսումը, մարդու իրավունքների տեսանկյունից, բարենպաստ մթնոլորտ չի ստեղծում մեր երկրում»:
Իրավապաշտպանը նշեց, որ հանրային պարսավանքի ենթարկելու մեխանիզմը չափազանց վտանգավոր է. «Մենք երկրում ունենք իրավունքի և օրենքի պաշտպանության տարբեր մեխանիզմներ՝ սկսած իրավապահ համակարգերից, վերջացրած տարբեր տիպի մեթոդներից, որոնք կարող են պաշտպանել կամ հետամուտ լինել այն բոլոր որոշումներին, որոնք կայացվում են և հրապարակվում արտակարգ իրավիճակի պայմաններում»:
Հովհաննիսյանի խոսքով՝ բոլորովին կարիք չկա վարչապետի էջով նման հրապարակումներ կատարել, թիրախավորել մարդկանց և հանրային պարսավանքի ենթարկել՝ այս կամ այն խախտման համար:
«Եթե խախտումն արձանագրվում է, ապա օրենքի շրջանակում հնարավոր է այն կարգավորել, իսկ նմանատիպ դրսևորումները հիմնականում ստեղծել են վտանգավոր մթնոլորտ: Մարդիկ ցանկացած պարագայում անհատական թշնամանքից մինչև բիզնես գործընկերներներ, որոնք ունեն մրցակցային հարբերություններ, ուզում են նաև թիրախավորել դիամցինին՝ զուտ մրցակցության մեջ առաջնային դեր ստանձնելու համար, հետևաբար կարող են օգտնվել այդ հնարավորությունից և օրինակ՝ ուղարել լուսանկարներ, որոնք իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում»,-ընդգծեց իրավաշտպանը՝ հավելելով, որ սա կարող է լինել անհատական և գործընկերային թիրախավորում, որը շատ վտանգավոր է և հասարակության ներսում իրավիճակի վերաբերյալ թյուրըմբռնումներ է ստեղծում, քանի որ որքանով է դա իրական՝ որևէ մեկը չի ստուգում, միանգամից հրապարակվում է:
«Թերևս, մարդիկ իրենց անձնական հաշվեհարդարներն սկսում են լուծել վարչապետի ձեռքերով, ինչը չափազանց վտանգավոր երևույթ է»,- եզրափակեց Հովհաննիսյանը: